«Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական միջոցներով»: Վլադիմիր Պուտինի` երեկ Բաքվում արած այս հայտարարությանը իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների արձագանքը, մեղմ ասած, ոչ ադեկվատ է: Մասնավորապես, ՀՀԿ մամուլի քարտուղար, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ նախ ասել է, թե Պուտինի այցը չի քննարկվել ՀՀԿ ԳՄ նիստում (դե իհարկե, ինչ մի կարեւոր հարց էր, որ քննարկվեր), ապա կարծիք հնչեցրել, թե. «Պուտինի հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին»: Անկեղծ ասած, անհասկանալի է, թե ՀՀԿ-ի պատկերացմամբ` ինչ պիտի ասեր Վլադիմիր Պուտինը Բաքվում: Նա պետք է հայտարարեր, թե Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն պատերազմական եղանակո՞վ: Մի՞թե ակնհայտ չէ, որ որեւէ երկրի նախագահ, առավել եւս, Ռուսաստանի, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարն է, պարզապես չէր կարող այլ բնույթի հայտարարություն անել: Եվ ուրեմն` ի՞նչ սառը ցնցուղի մասին է խոսքը: Հայտնի ժողովրդական ասացվածքի համաձայն` «Կսկծու` փառք Աստծու» վիճակում հայտնված իշխող կուսակցությունն արդյոք չի՞ նկատում, որ եթե այս այցը, ստորագրված համաձայնագրերն ու արված հայտարարությունները սառը ցնցուղ էին, ապա միմիայն Հայաստանի իշխանությունների եւ անձամբ Սերժ Սարգսյանի համար: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է որակում ՀՀԿ-ն Պուտինի վերը նշված հայտարարությունից առաջ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է չորս միլիարդ դոլարի: Տակավին վերջերս տեղի ունեցած մեկ միլիարդի զենքի վաճառքի գործարքին, ինչպես հայտնի է, հետեւում է ռուսական ռազմական հրթիռների վաճառքը: Իսկ Պուտինից անմիջապես հետո երեկ Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ քննարկվելիք ծրագրերը` ադրբեջանաթուրքական ռազմավարական համագործակցության պայմանագրի եւ դրա շրջանակներում համատեղ զինված ուժեր ստեղծելու մասին, կարծում ենք, ոչ թե սառը ցնցուղ, այլ միանգամայն այլ բան կարող են դառնալ ՀՀ իշխանությունների համար: Պուտինի ադրբեջանական այցի շուրջ իր գնահատականներում, թերեւս, ավելի անկեղծ էր ՀՀԿ-ի ավագ թեւի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` ասելով. «Դե եթե անհրաժեշտ լիներ, որ Պուտինը գար Հայաստան, ուրեմն` կգար: Դա ինքնանպատակ չի արվում, որեւէ մի ղեկավար ինքնանպատակ վեր չի կենում ու չի գնում այլ պետություն: Իսկ մեր հարաբերություններն այնպիսին են, որ առավել անհրաժեշտություն չկա, որ Վ. Պուտինը Հայաստան գա»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են. իրոք, ինչո՞ւ պիտի Պուտինը ինքնանպատակ վեր կենա ու գա Հայաստան, երբ ցանկացած պահի կարող է իր մոտ կանչել Հայաստանի նախագահին, ինչպես դա արեց մեկ տարի առաջ` ճիշտ այս օրերին` ստիպելով, որ Սերժ Սարգսյանն ընդհատի իր կարճատեւ արձակուրդը ու Եվրոպայից մեկնի Մոսկվա:
ԿՍԿԾՈՒ` ՓԱՌՔ ԱՍՏԾՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ