Հիշում եմ այդ սպին. նա գաղթի ժամանակ ընկել էր սայլից եւ վնասել գլուխը. հայտնիները` Եղեռնից փրկված նախնիների մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ, շարունակում է ներկայացնել պատմություններ, որոնք վկայում են այն մասին, որ մեր ազգը Թուրքիայի կատարած մեծ ոճրագործությունից հետո կարողացել է ապրել ու արարել: Մենք զրուցել ենք մշակույթի ոլորտի գործիչների հետ, որոնք կիսվել են իրենց նախնիների փրկության մասին պատմություններով:

13090564_1041736369240762_1293246446_n

Ազգագրական, հայրենասիրական երգերի կատարող Աղասի Իսպիրյանի հորական պապի ընտանիքը` Իսպիրյանները, օրինակ, Մադաթյանների, Հակոբյանների, Հայրապետյանների հետ գաղթել են Մուշից եւ բնակություն հաստատել Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում (այն կոչել են գաղթականների գյուղ):

«Գաղթի ճանապարհին մերոնց տեղափոխող սայլի անիվը ջարդվել է, եւ պապիս հորաքրոջ աղջիկը, որը եղել է 14-15 տարեկան, ընկել է սայլից ու գլուխը վնասել: Այդ հետքն ուղեկցեց նրան իր ողջ կյանքի ընթացքում. մենք նրան թաղեցինք հենց այդ սպիով»,-հիշեց Աղասին:

Երգչի պապի ընտանիքը հետագայում ընդլայնվել է: Արդեն Արեւելյան Հայաստանում լույս աշխարհ են եկել նրա քույր-եղբայրները, եւ Իսպիրյանների տոհմն աստիճանաբար բարգավաճել է: Ի դեպ, Աղասին կրում է հենց իր պապի անունը: Իսկ ավագ Աղասի Իսպիրյանը 200-ից ավել հայրենասիրական, ազգագրական, ֆիդայական երգերի խոսքերի հեղինակ է` «Լեռան լանջին», «Ես մշեցի ջահել տղա» եւ այլն:

13090373_1041736365907429_201846774_n

Օպերային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի մորական տատիկի ընտանիքն էլ Եղեռնի օրերին գաղթել է Կեսարիայից. մի մասը գնացել է դեպի Բեյրութ, մյուս մասը` Բուլղարիա, ապա` Ռումինիա, մեկ այլ մասն էլ` Արեւելյան Հայաստան: Երգչուհու մոր տատիկի հոր` Ավետիս Ավետիսյանի ընտանիքը բնակություն է հաստատել Ռումինիայում: Նրա դուստրը` Վիկտորյա Ավետիսյանը, հետագայում ամուսնացել է հայտնի նկարիչ, գորգագործ Երվանդ Սարյանի հետ, ով Բուլղարիայում հիմնել է գորգի սեփական արտադրությունը, նույնիսկ առիթ է ունեցել այդ երկրի թագավորի ձիու թամբի համար իր ձեռքերով գորգ գործել: Այդ մարդը, ցավոք, երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է, եւ նրա դուստրը` երգչուհու տատը, մորը խնդրել է վերադառնալ հայրենիք: Այդպիսով` 1948-ին նրանք տեղափոխվել են Հայաստան:

13083287_1042579015823164_1203992744945127204_n
Վիկտորյան եւ Երվանդը

Օպերային երգչուհին հիշում է Ռումինիայից հայրենադարձված իր տատիկին եւ նրա մորը` նշելով, որ հենց վերջիններիցս է իրեն փոխանցվել արվեստի նկատմամբ հատուկ հետաքրքրությունը. «Տատիկիս մայրը շատ էր սիրում օպերաներ գնալ, նրա եւ դստեր համար դա իսկական արարողություն էր. տատս, օրինակ, օպերա գնալուց 7 օր առաջ հատուկ պատրաստվում էր. ուշադրություն էր դարձնում իր հանդերձանքին, հագնում էր իր ձեռնոցը, վերցնում հովհարն ու թագուհու պես գնում թատրոն»,-ծիծաղելով նշեց նա:
Ուշագրավ է նաեւ Մ. Մկրտչյանի մոր հորական պապի ընտանիքի պատմությունը: Նրանք Եղեռնի ժամանակ գաղթել են Խոյից: Այդ ընտանիքից երգչուհու մոր պապիկի հայրը` Սարգիս Սարգսյանը, ով եղել է բավական կիրթ եւ գրագետ մարդ, հողեր է ունեցել Գառնի գյուղում եւ այնտեղ հիմնադրել է առաջին հայկական դպրոցը, որը կոչվել է «Սարգսանց դպրոց»:

Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքների պատմությունները բազմազան են, նրանք իրենց գոյության կռիվը տարել են յուրովի, սակայն այդ բոլոր հայորդիներին միավորում է գենետիկ կոդի հզոր ուժն ու ձգտումը դեպի հայրենի հողը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս