ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ անդամ Սամվել Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ոլորտում հայտնաբերված թերությունները շատ արագ շտկվեն:
-Պարոն Թադեւոսյան, Ձեր` քաղաքաշինության նախարար նշանակվելուց հետո այդ գերատեսչությունը հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ Վերահսկիչ պալատն իր 2012 թվականի հաշվետվությունում նշեց, որ նախարարությունն անորակ աշխատանքներ է կատարել, գների արհեստական թանկացումներ է իրականացրել եւ այլն: Ինչպե՞ս եք բացատրում այս ամենը: Դա տեղի է ունեցել Ձեր ղեկավարման շրջանո՞ւմ, թե՞ ուղղակի Ձեր «բախտը» չբերեց:
-Ես առիթ ունեցել եմ արձագանքելու ՎՊ հաշվետվությանը, այն դեպքում, երբ 2012 թվականին նույնիսկ քաղաքաշինության նախարարությունում ստուգում չի իրականացվել: Չէի ուզենա հերթական անգամ կրկնվել, պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեմ: Կուզենայի միայն ընդգծել, որ ՎՊ-ի հաշվետվությունը նորմալ աշխատանքային գործընթաց է: Բնականաբար, բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում էլ այս 2 կառույցների տեսակետները պետք է սկզբունքայնորեն հակառակ կողմերում լինեն, այլապես միակարծության դեպքում առաջ են գալիս կոռուպցիոն դրսեւորումները: Իսկ այս բուռն քննարկումները ես համարում եմ նորմալ աշխատանքային գործընթաց:
-Դուք նախկինում աշխատել եք ՎՊ-ում, զրուցե՞լ եք Ձեր նախկին գործընկերների հետ` հասկանալու համար, թե նրանք Ձեր գերատեսչությունում կատարած ստուգումների ընթացքում օբյեկտի՞վ են եղել: Համեմատե՞լ եք Ձեր եւ նախկին նախարարի կատարած աշխատանքի արդյունքները, ի վերջո, ո՞ւմ ղեկավարման ժամանակ են թերացումները եղել:
-Ես որեւէ համեմատական չեմ անցկացրել դրա հետ կապված, ՎՊ-ում ես, այո՛, աշխատել եմ որպես վարչության պետ ու համակարգել եմ բյուջետային համակարգը: Շինարարական ոլորտի հետ կապված ես որեւէ ստուգում չեմ իրականացրել, ուստի որեւէ համեմատական չեմ կարող անել: Իսկ շինարարություն իրականացնում է յուրաքանչուր գերատեսչություն:
-Տեղեկություններ կան, որ քաղաքաշինության ոլորտում գործում էր «ատկատային» մեխանիզմը: Ըստ որոշ խոսակցությունների, Դուք լուրջ քայլեր եք տանում այդ ամենը վերացնելու ուղղությամբ: Այդպե՞ս է դա արդյոք:
-Ասեմ Ձեզ մեկ փաստ, որ 2012թ.-ին նախարարությանը հաջողվեց տնտեսել շուրջ 1 միլիարդ դրամ, որը կազմում է ամբողջ շինարարության ծավալի 15 տոկոսը: Եվ հիմնականում դա եղավ նախահաշիվների, շինարարական աշխատանքների, պետական գնումների կազմակերպության գործընթացի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման շնորհիվ: Մրցույթները եղան ավելի բաց եւ թափանցիկ, այսինքն, այս ամենի շնորհիվ մեզ հաջողվեց նման արդյունք գրանցել:
-ՎՊ-ն իր հաշվետվությունում նշեց նաեւ, որ «Դատաիրավական» ԾԻԳ-ը անարդյունավետ ծախսել է 185 միլոն դրամ, բացի այդ, ջրային տնտեսության համար 47 միլիոն դրամ է վատնվել, դա ինչպե՞ս եք բացատրում:
-Կարծում եմ՝ կոռեկտ չի լինի, եթե ես խոսեմ «Դատաիրավական» ԾԻԳ-ի մասին, փոխարենը կարող եմ ներկայացնել «Քաղաքաշինական» ԾԻԳ-ի 2012 թվականի աշխատանքները: Դարձյալ պետք է կրկնվեմ, բայց սա է իրավիճակը։ Նախ ասեմ, որ շինարարության ոլորտում համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է հիմնարար բարեփոխումներ իրականացնել: Կարծում եմ, որ շինարարության ոլորտում պետական բյուջեի միջոցները նպատակային օգտագործելու համար անհաժեշտություն է առաջանում պետական մեկ մարմնի կողմից համակարգելու խնդիրը: Ոլորտում բարեփոխումներն անխուսափելի են, եւ դրանք արդեն մեկնարկել են:
-Մամուլում նշվեց նաեւ, որ Ձեզ հրավիրել են դատախազություն՝ նախկին քաղաքաշինության նախարարի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Երբ թերթերը ժամանակին գրեցին, թե Մարկ Տվենը մահացել է, նա հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»: Նման բան չի եղել:
-Մշտապես նշվել է, որ Դուք բազմաթիվ բիզնեսներ ունեք՝ լամինատ եք ներկրում ՀՀ, լիմոնադի գործարան ունեք…
-Միանգամից ասում եմ՝ որեւէ բիզնես չունեմ: Ես բազմաթիվ անգամ ասել եմ դրա մասին:
«ԻՄ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ