Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101րդ տարելիցի կապակցությամբ: «Համոզված եմ, որ միայն բարձր արժեքների և սկզբունքների հարգանքը պետք է առաջնորդի մարդկանց իրենց կյանքերում, և դա էլ կտանի խաղաղության ու անցյալի առերեսման», ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով prensaarmenia.com.ar-ը, նշել է Մակրին: Արգենտինայի նախագահի ուղերձը ներկայացվել է Բուենոս Այրեսում կայացած ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Ուղերձում Մակրին շնորհակալություն է հայտնել տեղի հայ համայնքին` միջոցառմանը մասնակցելու հրավերի համար:
Միջոցառմանը մասնակցել են նաև Արգենտինայի Սենատի անցումային նախագահ Ֆեդերիկո Պինեդոն, պատգամավորներ Սոլեդադ Մարտինեսը, Ադրիան Կամպսը, Էդուարդո Սանտամարինան, Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը, սենատոր Մարիամ Բոյաջյանը, Արգենտինայում Ռուսաստանի և Մեքսիկայի դեսպանները, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: «Անհրաժեշտ է հիշել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ժխտելով փաստերը` թույլ կտանք, որպեսզի նույն ոճրագործություններն իրականացվեն այլ ազգերի ու ժողովուրդների նկատմամբ: Հայոց ցեղասպանությունը եղել է Հոլոքոստի նախերգանքը և երկար տարիներ մերժվել: Արգենտինայում մենք կարևոր քայլ ենք կատարել և ապրիլի 24ը հռչակել հանդուժողականության ու ժողովուրդների միջև հարգանքի օր», -ասել է Արգենտինայի Սենատի անցումային նախագահը: