Իշխող հանրապետականները երեկ արձակուրդից վերադարձած, թարմ կեցվածքով կուսակցության գործադիր մարմնի նիստ անցկացրեցին՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Թվում էր, որ երկրի իշխող կուսակցության ղեկավարներն առաջնահերթ պետք է քննարկեին մեր երկրում առկա ծայրահեղ սոցիալական վիճակը, օրեցօր մեծացող արտագաղթի ծավալները, հայերի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից, քանի որ իշխանության միակ պատասխանատուն են, սակայն նման հարցերը, կարծես թե, չեն հետաքրքրում ՀՀԿ-ականներին: ՀՀԿ գործադիր մարմնի անդամները երեկ մոտ 1 ժամ քննարկում էին մեր երկրի առջեւ ծառացած «ամենակարեւոր հարցը»՝ ինչպե՞ս պետք է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր դարձնեն Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: Բանն այն է, որ այս մարդն առանձնապես բարձր հեղինակություն չունի այդ տարածքում եւ վերջին անգամ խայտառակ ձեւով պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում: Ու, թեեւ հիմա, ըստ էության, մրցակից էլ չունի, այնուամենայնիվ, դժվարությամբ «կընտրվի» պատգամավոր: Նկատենք, որ այս առումով իրավիճակն այն աստիճանի լուրջ է, որ ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի երաշխավորված թեկնածուի համար մի անգամ էլ անձամբ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց, որ ընտրակեղծիքի ողջ համակարգը աշխատի 38 ընտրատարածքում:
«Մենք նիստի ժամանակ քննարկեցինք թեկնածուի հարցը, ամեն մեկն իր կարծիքը հայտնեց, ես ավելի խորությամբ եմ ճանաչում թեկնածուին, ես էլ ներկայացրեցի թեկնածուին ու վերջ»,- կուսակցական հերթական նիստի «փակ» ընթացքն այսպես լուսավորեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ հընթացս ակնարկելով, որ Արմեն Կարապետյանն «իր թեկնածուն է»:
Նիստի ավարտին զրուցեցինք նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, ով ասաց, թե այժմ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն փորձել իրենց շանսերը թիվ 38 ընտրատարածքում, որովհետեւ քաղաքականությամբ զբաղվելու լավագույն միջոցը ընտրություններին մասնակցելն է: «Ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն ճիշտ կլինի մասնակցեն ընտրություններին, որովհետեւ բոյկոտից տուժում են մեծապես այն գործիչները եւ ուժերը, որոնք գնում են այդ ճանապարհով: Սյունիքի մարզպետը Վահե Հակոբյանն է, եւ նա կարող է պատվով իրականացնել իր վրա դրված պարտականությունները»,- նշեց Է. Շարմազանովը:
Ինչո՞վ են զբաղված քաղաքական դաշտի մյուս կուսակցությունները: Կա՞ն արդյոք նրանք, թե՞ քաղաքական թմբիրի մեջ վայելում են ամառային հանգիստը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք որոշում են կայացրել չմասնակցել Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններին: «Քննարկել ենք այդ հարցը մեր տարածքային կազմակերպության հետ. ե՛ւ Կապանի ՀՅԴ-ի կոմիտեն է քննարկել, ե՛ւ Սյունիքի մարզային կոմիտեն, ու նպատակահարմար չեն գտել որեւէ մեկին առաջադրել՝ ելնելով մեր ընտրական համակարգի այսօրվա բնույթից եւ այսօրվա ձեւավորված ԱԺ-ի պատկերից»,- բացատրեց դաշնակցական գործիչը:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի, թե ԲՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցը երբ է որոշվելու: Նա երկրում չէ:
Երեւանի ավագանիի «Ժառանգություն» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նիստ են արել, քննարկել են այդ հարցը, սակայն հստակ որոշում կկայացնեն այսօր: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ընդդիմադիր այս քաղաքական ուժը եւս իր «ձեռքերը լվացել» ու որոշել է չմասնակցել պատգամավորի լրացուցիչ ընտրություններին:
Միայն մեկ թեկնածու է ինքնաառաջադրվել թիվ 38 ընտրատարածքում՝ Պավլիկ Սարգսյանը, որը դեռեւս համապատասխան ընտրական գրավի վճարումը հաստատող փաստաթուղթը չի ներկայացրել: Տեղեկացնենք, որ Պավլիկ Սարգսյանն անկուսակցական է, թոշակառու, երեւանաբնակ: Վերջինս 2013թ.-ի նախագահական ընտրություններում նաեւ նախագահի թեկնածու էր առաջադրվել, սակայն գրավը չմուծելու պատճառով չկարողացավ մասնակցել ընտրություններին: Չի բացառվում՝ նույն սցենարը նաեւ այս դեպքում կրկնվի, ինչից հետո ՀՀԿ-ն, մրցելով ինքն իր հետ, կարող է սեպտեմբերի 29-ին առանց որեւէ խոչընդոտի պատգամավոր նշանակել Արմեն Կարապետյանին:
ՀՀԿ-Ն ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ