ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը սխալմամբ հատած 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանի հարազատները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն Հակոբի մասին: Հակոբի եղբայրը` Արման Ինջիղուլյանը, NEWS.am-ին ասել է, որ այսօրվանից կորոշեն, թե առաջիկայում ինչ քայլեր են անելու, եթե պետական կառույցներից իրենց հուզող հարցերի պատասխանը չստանան: Արմանը նաեւ տեղեկացրել է, որ Հակոբի ծնողների վիճակը շատ վատ է եւ օրեցօր էլ ավելի է վատթարանում: Երեկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ:
ԲՈՒՌՆԱՇԻ ԳՈՐԾՈՎ
«Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի դիմումը ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) դեմ արդեն ստացվել է ՀՔԾ-ում եւ գտնվում է քննարկման փուլում: Հիշեցնենք, որ «Հրազդան Հոլդինգ»-ի նախկին աշխատակիցը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է վերացնել իրեն եւ աղջկան, իսկ փեսան էլ առեւանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան:
ՕԳՆԵՔ ԵԶԴԻՆԵՐԻՆ
2007 թ. օգոստոսի 14-ին Իրաքում չորս եզդիական գյուղ է ոչնչացվել: «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշա Սուլթանյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է, թե եզդի համայնքն այս առիթով Հայաստանի աջակցութունն է խնդրում: «Ավերածությունների հեղինակները իսլամիստներն են, ովքեր եզդիներին համարում են սատանայապաշտ: Սա մի աստառ է, որ Քուրդիստանի կառավարությունը, որ եզդիաբնակ շրջաններում է իշխում, կարողանա տիրանալ եզդիաբնակ տարածքներին, որտեղ գտնվում է Իրաքի նավթի հիսուն տոկոսը»,- ասել է Սուլթանյանը: Նա տեղեկացրել է, որ երեկ եզդիները խնդրանք-նամակ են հանձնել ՀՀ արտգործնախարարին եւ սփյուռքի նախարարին:
ԹՄՐԱՆՅՈՒԹԱԲԵՐ ԱՂԱՎՆԻՆ
2013թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բնակելի գոտու օդային տարածքում նկատել են դժվարությամբ թռչող աղավնու: Հերթապահ խմբի աշխատակիցները հիմնարկի մասնաշենքի տանիքից բռնել են աղավնուն, որի պոչին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթ: Դրա զննությամբ հայտնաբերել են 1.75 գրամ կանաչ գույնի, յուրահատուկ հոտով զանգված եւ երեք հատ 1.2 գրամ սպիտակ, օվալաձեւ, «B8» դաջվածքով դեղահաբեր:
ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԸ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը շարունակում է իր ղեկավարած հիմնարկի հաշվին ընդլայնել իր բիզնեսն ու հարստացնել իր գրպանը:
Երեւանում գտնվող ՊԵԿ-ի կենտրոնական գրասենյակն ու տարածքային կառույցներն արդեն անցել են «Յուքոմ»-ի կապին, եւ Գ. Խաչատրյանը նույն գործընթացը հետեւողականորեն տարածում է նաեւ իրենց մարզային կառույցների վրա: Կառավարության կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում նշված է, որ միայն հուլիս ամսին ՊԵԿ-ը միայն մի քանի տարածքային կառույցներում «ԱրմենՏելի» ֆիքսված կապը փոխարինել է «Յուքոմ»-ով: Բնականաբար, յուրաքանչյուր ամիս այդ գերատեսչությունը տասնյակ միլիոնավոր դրամների վարձավճար ու րոպեավճար է փոխանցելու «Յուքոմ»-ին, որը պատկանում է Գագիկ Խաչատրյանին: