2015 թվականի ապրիլին Գերմանիայի Բունդեսթագում ներկայացվեցին 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ բանաձեւի նախագծեր, դրանց հիման վրա ավելի ուշ մշակվեց մի փաստաթուղթ, որում 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածները հստակ որակվում էին որպես ցեղասպանություն:
«Այն, ինչ կատարվեց Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհի աչքի առաջ, ցեղասպանություն էր: Եվ սա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէ»,- նշել էր Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը: Այնուամենայնիվ, խորհրդարանական բոլոր ուժերի համատեղ նախագծի քվեարկությունը տարբեր պատճառներով հետաձգվեց մինչեւ 2016 թվականի փետրվարը՝ քննարկումից հետո հերթական անգամ մնալով նույն փուլում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ, ով նշեց, որ տարբեր արմատներ ունեցող մարդկանցից կազմված հասարակության ազատության համար այս հարցում անհրաժեշտ է հստակ դիրքորոշում ունենալ:
«Թուրքիան ի սկզբանե դեմ էր ցեղասպանության այս բանաձեւին: Կառավարությունը ցանկանում էր խուսափել կոնֆլիկտից, սակայն կարծում եմ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հարցին լուծում տալ, եւ մենք քննարկում ենք ճիշտ ճանապարհները, ճիշտ ժամանակահատվածի ընտրությունը հարցը կարգավորելու համար: Հունիս ամսվա սկզբին մենք եւս մեկ անգամ կքննարկենք բանաձեւը, որը իր մեջ կներառի բոլոր անհրաժեշտ ասպեկտները»:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ Բունդեսթագի պատգամավորը նշեց, որ հրադադարի այս անակնկալ խախտումը մտահոգիչ էր այն համատեքստում, որ եթե նման անսպասելի գործողություններ են տեղի ունենում, ապա ըստ պատգամավորի՝ դրանք կարող են պատահել ցանկացած ժամանակ առանց այդ գործողությունների կանխման միջոցներ ձեռնարկելու որեւէ հնարավորության:
«Ուստի մենք հույս ունենք, որ Մինսկի խումբը կգտնի լուծումներ եւ կնվազեցնի սրացման վտանգը»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու հստակ չի նշվում նախահարձակ կողմը, եւ դեռ քայլեր չեն արվում ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված բոլոր 18 զինծառայողների մարմինների խոշտանգումների, դիակապտության, գլխատումների, խաղաղ բնակիչների նկատմամբ վայրագությունների փաստերի հիման վրա ադրբեջանական կողմին պատժելու ուղղությամբ, Քրիստոֆ Բերգները պատասխանեց.
«Սա այն պահն է, երբ պետք է լինել արդար եւ հիմնվել փաստերի վրա: Մենք տեղեկատվության պակաս ունենք, թե կոնկրետ ինչպես է դա պատահել: Ես գիտեմ, որ զոհեր կան երկու կողմերում էլ, տեղյակ եմ նաեւ հայկական կողմի նկատմամբ իրականացված դաժանության մասին: Այս հարցում միակ թերությունը, թերեւս, այն է, որ մենք չունենք անկախ մշտադիտարկում, այդ իսկ պատճառով ես մի փոքր զգուշանում են կոնկրետ կողմ նշելուց: Իսկ այդ վայրագությունների վերաբերյալ միայն կարող եմ ասել, որ մենք պետք է այս բոլոր բռնությունները դատապարտենք եւ փորձենք խուսափել այս կոնֆլիկտի շարունակությունից»:
Նշենք, որ 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում կրկին կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:
Սյուզի Մուրադյան