ՀՀ իշխանություններն ընտրակեղծարարության գործիքներից իրենց զինանոցում պահում են ընտրակաշառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի հարցում Հայաստանի իշխանությունները ընդամենը չնչին զիջումների են գնացել: Մասնավորապես, այդպես էլ չեն համաձայնել մատների թանաքոտման եւ ընտրությունները միայն նույնականացման քարտերով (այդիներով) կազմակերպելու տարբերակին, փոխարենը ներմուծել են ընտրողի մատնահետքը վերցնելու համակարգը:

Ըստ այդմ, նախատեսվում է, որ քվեարկության եկած ընտրողի փաստաթուղթը ստուգելուց եւ նրա՝ տվյալ տեղամասի ընտրական ցուցակում ներգրավված լինելուց հետո հատուկ սարքով վերցվելու է ընտրողի մատնահետքը: Ընտրություններից հետո մատնահետքերի տվյալները մեկտեղվելու են եւ համեմատվելու են, եթե համընկնումներ արձանագրվեն, ապա տվյալները փոխանցվելու են ոստիկանությանը` համապատասխան ընտրողին կրկնակի քվեարկության համար պատասխանատվության ենթարկելու համար: Ի դեպ, այս դեպքում ուշագրավ է այն հանգամանքը, որ մատնահետքով հայտնաբերված կրկնակի քվեարկության փաստերի ազդեցությունն ընդհանուր արդյունքների վրա թողնված է ԿԸՀ-ի գնահատմանը:

Ընտրացուցակների հետ կապված նորամուծություն «զիջումը» կայանում է նրանում, որ ընտրողներին գրանցած էլեկտրոնային սարքերը քվեարկությունից հետո տպագրելու են հատուկ տեղեկանք, որտեղ նշված են լինելու ընտրություններին մասնակցած ընտրողների` ընտրական ցուցակի հերթական համարները: Այդ փաստաթուղթը լինելու է բաց, եւ վստահված անձինք ու լրագրողներն իրավունք ունեն դրանցից քաղվածք անել կամ լուսանկարել:

Ընտրություններում ծրարները կնքելու փոխարեն առաջարկվում է ներդնել ինքնասոսնձվող դրոշմանիշների կիրառման համակարգը: Ծրարներն իրենց վրա ունենալու են հատուկ բացվածք, որի միջոցով քվեաթերթիկի վրա դրոշմանիշ է փակցվելու: Դրոշմանիշները ամեն տեղամասի համար առանձին են տպագրվելու:
ԱԺ ընտրություների ժամանակ, ինչպես եւ սկզբնական տարբերակով էր նախատեսված, մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունենալու է առանձին քվեաթերթիկ: Սակայն, եթե սկզբում նախատեսվում էր, որ քվեաթերթիկները պետք է տարբեր գույնի լինեն, ապա այժմ առաջարկվում է, որ դրանք լինեն միանման:

Քվեաթերթիկի մի կողմում լինելու է կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները, մյուսում` տվյալ ընտրատարածքում կուսակցության կողմից առաջադրած թեկնածուների անունները: Ինչպես եւ սկզբնական տարբերակով առաջարկվում է Հայաստանը բաժանել 13 ընտրատարածքի` չորսը Երեւանում, ինն մարզերում: Մարզերից առանձին ընտրատարածքով ներկայացված չի լինի միայն Վայոց ձորը, որը Սյունիքի հետ ընդգրկված կլինի մեկ ընտրատարածքում:

Ընտրատարածքում կուսակցություններից յուրաքանչյուրը պարտավոր է լինելու առաջադրել նվազագույնը 5 թեկնածու: Ի դեպ, նախատեսվում է, որ ընտրատարածքում առաջադրված թեկնածուների շարքում մեկ սեռի ներկայացուցիչների թիվը 75 տոկոսից ավել չպետք է լինի: Այլ կերպ ասած՝ հինգական թեկնածու առաջադրելու դեպքում նրանցից երեքը կարող են տղամարդ լինել, երկուսը` կին կամ հակառակը: Նշենք նաեւ, որ ԱԺ ընտրություններում կուսակցությունների համամասնական ցուցակում եւս կանանց ներգրավվածության տոկոսը նախկին 15-ից բարձրացվել է 25-ի: Այսինքն՝ գործնականում այնպիսի համակարգ է առաջարկվում, որ ամեն չորրորդ թեկնածուն կին լինի:

Ավելին՝ մանդատների բաշխման ընթացքում եւս այդ համամասնությունը պահպանվելու է, այսինքն՝ կին թեկնածուին բաժին հասած մանդատը թափուր մնալու դեպքում փոխանցվելու է տվյալ կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ կին թեկնածուին: Համամասնական ցուցակում ազգային փոքրամասնություններին ներգրավելու հանգամանքը պարտադիր պահանջ լինելուց փոխվել է իրավունքի: Այլ կերպ ասած՝ քաղաքական ուժերը ոչ թե պարտավոր են լինելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածու առաջադրել, այլ իրենց ցանկությամբ կարող են այդ անել:

ԱԺ մանդատների բաշխման հարցում կանանց մանդատների հետ կապված նորամուծությունը միակ փոփոխությունը չէ: ԸՕ նախագծի առաջին տարբերակով ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությանը հասնելիք մանդատների կեսը բաժին էր հասնելու ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներից առավել ձայներ ստացած թեկնածուներին: Նոր կարգով մանդատը բաժին է հասնելու այն ընտրատարածքներին, որտեղ տվյալ քաղաքական ուժն առավել թվով ձայներ է ստացել: Այսինքն՝ կարող էր այնպես լինել, որ մեր ընտրատարածքում թեկնածուներից մեկն իր կուսակիցներից ամենաշատ ձայները ստացած լիներ, բայց նրա ընտրատարածքում իրենց կուսակցության ձայներն ամենաշատը չլինեին, բայց նա ստանար մանդատ: Նոր տարբերակով մանդատը տրվելու է քաղաքական ուժի օգտին ամենաշատ ձայներ ապահոված ընտրատարածքի առավել ձայն ստացած թեկնածուին:

Ի դեպ, տեղամասում լրագրողների թվի սահմանափակումը, որը ԸՕ նախագծի առաջին տարբերակում առկա էր, հանվել է: Փոխարենը լրատվամիջոցներին իրավունք կտրվի ունենալ ընտրությունները լուսաբանող մինչեւ հիսուն ներկայացուցիչ, որոնք պարտադիր պետք է լրագրողական գործունեություն ծավալած անձինք լինեն եւ հավատարմագրվեն ԿԸՀ-ում: Նշենք նաեւ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը տեղամասերում կարող են մինչեւ երկուական վստահված անձ ունենալ, ներկայիս մեկականի փոխարեն:

Փաստացի կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանություններն ընտրակեղծարարության գործիքներից իրենց զինանոցում պահում են ընտրակաշառքի եւ վերահսկվող քվեարկության մեթոդները` համոզված լինելով, որ այդպես էլ իրենք կարող են իրենց ցանկալի արդյունքը ստանալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս