«Հասկանալի է տարածքների վերադարձի վերաբերյալ մտավախությունը: Բոլոր հայերի խնդիրը դա է, թե ինչպես է լուծվելու ղարաբաղյան հարցը: Թե ինչ խնդիր լուծեց Ադրբեջանը տեղի ունեցած ռազմական գործողություններով, շատ ճիշտ պատասխան տվեց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ ասելով, որ համանախագահների կողմից չստանալով ոչ մի առաջարկ` որոշեցին հարցը լուծել ռազմական ճանապարհով: Բազմիցս ասել եմ՝ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում համախանախագահներին, որպեսզի առաջարկ ներկայացնեն, որտեղ գրված կլինի Ղարաբաղը նրանց վերադարձնելու մասին»:
Ըստ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ հայկական իշխանությունների մոտեցումն իրենից ներկայացնում է Ղարաբաղի անկախություն, ցամաքային կապ Հայաստանի հետ եւ միջազգային անվտագության երաշխիքներ:
«Սա է լուծման բանաձեւը, իսկ Ադրբեջանը, փաստորեն, չի ցանկանում ինչ-որ կերպ բանակցություններ վարել, քանի որ չի ցանկանում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումներ անել: Նա կարգավիճակ տեսնում է միայն իր կազմում: Ես մի բան կարող եմ ասել, որ որեւէ մի համանախագահ այսօր չի կարող Հայաստանին եւ Ղարաբաղին պարտադրել վերադարձնել տարածքներ: Հողերի վերադարձի մասին խոսք լինել չի կարող»:
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին, Վաղարշակ Հարությունյանը նշեց.
«Լավրովը ասել է, որ բանակցություների համար պետք է ստեղծվեն նախապայմաններ, եւ մենք այսօր պետք է մտածենք՝ ինչպես ամրապնդել զինադադարի ռեժիմը եւ մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերահսկել, թե որ կողմն է խախտել զինադադարը: Ադրբեջանը ցույց տվեց, որ ոչ մի միջազգային պարտավորություն չի կատարում, իսկ հատկապես այս բարբարոսություններից հետո Մինսկի խումբը Ղարաբաղը չի կարող դնել Ադրբեջանի կազմում»: