Զենքերից չէ, որ մենք զոհեր ենք տվել. լուրջ խնդիր ունենք պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկել է ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանը: Հերթական քառօրյա նիստերի օրակարգի հաստատման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած 4-օրյա պատերազմին: Պատգամավորի խոսքով` կատարվածը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Նախ` Հրանտ Բագրատյանն անդրադարձավ արդեն 20 օր հիշատակվող 80-ականների զենքի հանգամանքին. «Մենք անընդհատ ասում ենք, բողոքում ենք, թե մեր զենքը 80-ական թվականների է, թե ռուսները օգնում են ադրբեջանցիներին: Իհարկե, դա դատապարտելի է, մենք էլ ենք դատապարտում, բայց եկեք ճիշտը հասկանանք՝ այդ զենքերից չէ, որ տվել ենք մենք զոհեր: Չկա այդպիսի ստրատեգիական զենք, որի պատճառով մենք զոհ ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք, զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապը չկա, այն կապը, որ կար 90-ականներին Ալինկո ռադիոկայանների միջև, և մենք լուրջ խնդիրներ ունենք պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ»,- ասաց Հ.Բագրատյանը:

Նա առաջարկեց պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ քնարկումներ կազմակերպել և տեսնել, թե ինչ է կատարվում բանակում. «Երբ որ շքեղ ավտոմեքենաները, ջիպերը տասնյակներով դրվում են մարդկանց տակ, և հանկարծ հասարակ «Ալիկնկը» չկա, որը կար 25 տարի առաջ, և երեխաները իրար հետ կապվում են բջջային հեռախոսով, որը հիմք է տալիս լրացուցիչ զոհերի: Սա շատ լուրջ թեմա է և առաջարկում ենք հրատապ կարգով սա մտցնել ու քննարկել, հրավիրել այստեղ պաշտպանության նախարարին, տեսնել, թե այն գումարները, որ միշտ ասում ենք չեն բավարարում, դրանք ինչպես են օգտագործվում»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ չորեքշաբթի օրը պաշտպանության նախարարը գալու է ԱԺ, կարող է նրա և Հ.Բագրատյանի առանձին հանդիպում կազմակերպել իր առանձնասենյակում:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ նախկին փակ քննարկումն այնքան էլ արդյունավետ չի եղել, դրանից հետո իրադարձություններ են կատարվել, և անհրաժեշտ է վարչապետի ու անձամբ պաշտպանության նախարարի հետ փակ քննարկում կազմակերպել, և ոչ թե առանձնասենյակում տետատետ հանդիպում:

«Բազմաթիվ հարցեր կան մտահոգիչ, որոնք մենք չենք բարձրաձայնում՝ հաշվի առնելով հարցի նրբությունը, և կան հարցեր, որոնք տիրաժավորման ենթակա չեն»,- ասաց Ն. Զոհրաբյանը:




Լրահոս