Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է “Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն է՝ հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես և հայտնաբերել, բացահայտել և կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
“Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձևով կազմակերպելու և իրականացնելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում ստեղծվել են օպերատիվ շտաբներ, որոնց պատասխանատուներ են նշանակվել ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության ծառայողները և ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվել մարզեր:
Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների և ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացան կարճ ժամանակում ցանկալի արդյունքներ արձանագրել:
“Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 19-ի դրությամբ հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի շուրջ 60 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 60 դեպք, առգրավվել է մոտ 3 կգ “մարիխուանա”, ավելի քան 1,5 կգ “դեզոմորֆին” տեսակի թմրամիջոցի զանգված, 43.5 գրամ “ափիոն” և հոգեմետ 24 դեղամիջոց:
Տնամերձ 121 հողամասից հայտնաբերվել և առգրավվել են նաև ապօրինի աճեցված ու մշակված ավելի քան երկուս ու կես տոննա կանեփի թփեր:
Բացի ապօրինի թմրամիջոցներից, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 5 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 410 փամփուշտ, 4 նռնակ և 5 միավոր սառը զենք:
Նշված բոլոր փաստերով նախապատրաստվում են նյութեր, որոնց ընթացքը կլուծվի փորձաքննության արդյունքներով: