«Լոկատորից»` SCADA համակարգ. մեկնարկը տրված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երեք տարի առաջ Երևան Ջուր ՓԲԸ-ում սկսեց գործել տվյալների հավաքագրման հեռաչափական ծրագիրը («Լոկատոր»), որը ընկերության Կենտրոնական կարգավարական խմբին հնարավորություն տվեց համակարգչի միջոցով առցանց (on-line) հետևելու մայրուղային ջրատարներով դեպի Երևան մղվող ջրի շարժին, իրազեկ լինելու օրվա կարգավորիչ ջրամբարներ լցվող և այնտեղից դուրս հոսող ջրի քանակին, «տեսնելու» պոմպակայանների աշխատանքը, «չափելու» ջրի ճնշումը ներքաղաքային բաշխիչ ցանցում և մոտ 350 այլ չափանիշներով ստուգելու համակարգի «առողջական» վիճակը:

Ընդ որում, տվյալ՝ հեռատեղեկատվական ծրագրի կիրառումը առաջին փուլն էր ընկերությունում կառավարման ժամանակակից համակարգ կերտելու ճանապարհին: Երկրորդ փուլը, SCADA կոչվող ծրագիրը, վերջինիս տրամաբանական շարունակությունն է, որը ենթադրում է ոչ միայն հեռաչափում, այլ նաև  հեռակառավարում:

Ջրատարների վրա, ջրաղբյուրներում, ջրամբարներում, պոմպակայաններում, ներքաղաքային ջրամատակարարման բաշխիչ ցանցի հանգուցային կետերում և այլուր տեղադրված LACROIX Sofrel արտադրության հեռակառավարվող մոդեմների միջոցով ընկերությունում ստեղծվելիք Կառավարման կենտրոնը կստանա համակարգի «ինքնազգացողության» մասին վկայող ողջ տեղեկատվությունը և «մեկ կոճակի» միջոցով Աբովյան 66ա հասցեից կմիջամտի տեխնիկական կառույցների աշխատանքին, օպերատիվորեն կլուծի առաջացող խնդիրները: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է համակարգը համապատասխանեցնել ծրագրին:

Բոլոր ջրամբարներում, ջրատար համակարգում, կառավարելի հանգույցներում  տեղադրվում են կառավարելի փականներ: Իսկ բարձր ճնշումային  հանգույցներում նախատեսվում են ասեղնային (needle valve) և թիթեռնիկավոր փականներ,  ջրի ճնշման կարգավորիչների փոխարինում: Մասնավորապես մեկ ամսից կտեղադրվեն ճնշման տվիչներն ու Aldos ֆիրմայի քլորակայանների կառավարելի ինժեկտորները:

Հաշվետու ամսում համակարգում արդեն նկատվել են ծրագրի առաջին ծիծեռնակները. Խարբերդ-Գառնի ջրատարի վրա SCADA-ի շրջանակներում տեղադրվել է 300 մմ տրամագծով եվրոպական հայտնի Klaval ֆիրմայի արտադրության մուտքի կարգավորիչ փական: Այն  հնարավորություն կտա և՛ ապահովել կայուն ճնշում, և՛ նվազեցնել վթարների հավանականությունը, և՛ բարձրացնել շահագործման հուսալիությունը: Իրականացվող մեծածավալ եւ բավականին ծախսատար շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիսին:

Ինչ վերաբերում է համակարգի ընթացիկ գործերին, ապա մարտին ՎԶԵԲ-ի ֆինանսական աջակցությամբ Դեմիրճյան 40 հասցեում վերակառուցվել է բակային պոմպակայանը, ինչպես նաև տեղադրվել է 2 նոր փական: Նուբարաշենի մի շարք թաղամասերի ջրամատակարարման բարելավման նպատակով «Գառնի-Երևան» ջրատարից կառուցվել է պոլիէթիլենային նոր ջրագիծ:

Ջրամատակարարման ճնշման կարգավորման համար Դավիթ Բեկի-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, Աճառյան փողոցի 2-րդ փակուղում տեղադրվել են ճնշման կարգավորիչ փականներ: Ջրագծերի վերակառուցումը շարունակվել է Երկաթուղայինների, Երզնկյան փողոցներում, Կոտայքի Պտղնի և Առինջ գյուղերում, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում:

Ընդհանուր առմամբ համակարգը շարունակել է գործել կայուն ռեժիմով, վթարները՝ ջրագծերում, կոյուղագծերում ու պոմպակայաններում վերացվել են սահմանված ժամկետներում, ամենուր պահպանվել է ջրամատակարարման սահմանված ժամանակացույցը: Արդյունքում, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 83.1%-ը, 17-23,5 ժամ՝ 16.9%-ը:

Իսկ ջրամատակարարման ցանցի հանգուցային կետերից վերցված 1432 փորձանմուշների ստուգումը ցույց է տվել, որ մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2016թ. մարտին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2015թ. մարտի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:

 

Հիմնական ցուցանիշներ 2009թ.

մարտ

2015թ.

մարտ

2016թ.

մարտ

2016թ. մարտ – 2015թ. մարտ /+ –
Աղբյուրներից վերցված ջրաքանակ՝ լիտր/վրկ. 11 533 8043 7687 -356 /2009թ. մարտից՝ -3846/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում՝ կՎտժ 313 000

 

44 000

 

36 000 -8000 /2009թ. մարտից՝ -277 000/
Ջրամատակարարման շարունակականություն՝ % 87,4

 

98,5 97,8 +0.7% կետ /2009թ. մարտից՝ +10.4% կետ

 

 Հանրային կապերի ծառայություն




Լրահոս