Հրապարակ.Սեյրան Օհանյանը խրախուսում է բանակում չծառայածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ”-ը գրում է. “Եթե որևէ մեկը հանդգնի բանակի ղեկավարության, բանակում տիրող մթնոլորտի, հրամանատարի ու զինվորի բարքուվարքի մասին որևէ թթու խոսք ասել կամ գրել, իշխանական “ռմբարկուների” ամենահուժկու գունդը կանցնի վիրտուալ ռմբակոծման՝ ոչնչացնելով բանակը քննադատողներին, ինչպես ոխերիմ թշնամու: Որպես կանոն, իշխանական “ռմբարկուների” կազմում գործող պաշտոնյաներն ու պոտենցիալ պաշտոնյաներն են: Նրանց մեծ մասը բանակում չծառայած անձինք են, ովքեր բանակից խուսափելու ամենահեշտ միջոցն են ընտրել՝ կրթական համակարգը: Շարքային դասալիքների այս բանակը հանկարծ պարզել է, որ ոչ ավել, ոչ պակաս՝ գիտնականներ են, գիտական կոչումներով: Մինչ օրս բանակից փախածների  խորհուրդների անհրաժեշտությունն զգում էին երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովն ու կառավարությունը, հիմա այս շարքին ավելացավ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա երեկ իրեն խորհրդական է նշանակել  ծառայությունից խուսափած մի անձի՝ Դավիթ Ջամալյանին, ով իրեն ռազմական հոգեբան է հայտարարել և պարբերաբար վերլուծություններ է անում բանակում տիրող մթնոլորտի, զինվորի հոգեվիճակի մասին:
Ջամալյանը հատկապես վերջերս հաճախ էր հայտնվում մամուլի ակումբներում և զինվորի “խաթարված հոգեկան վիճակը” վերագրում հասարակությանն ու ընտանիքին: Հասկանալի էր, որ պաշտոնի նշանակումը մոտ է: Իսկ ծառայությունից խուսափած անձին պաշտպանության նախարարի խորհրդական նշանակելը վկայում է բանակի ու պետության նկատմամբ իշխանության, հատկապես պաշտպանության նախարարի  վերաբերմունքի  մասին: Դա հանրության շրջանում ընկալվում է  բանակից խուսափելու քարոզ և վարակիչ է շատ “ուսումնատենչ” երիտասարդների համար: Ինչ վերաբերում է Ջամալյանի՝  Պնախարարի խորհրդական նշանակվելուն, ապա նա դա արդարացնում է, քանի որ իր կողմից հայրենիքի հանդեպ պարտքը չկատարելը եղել է օրենքի սահմաններում.
“Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, ընդունվել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ և օգտվել այդ պահի դրությամբ առկա հնարավորությունից”: 
 Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Հրապարակ”-ի այսօրվա համարում:




Լրահոս