Վերջերս մեծ ուշադրությամբ կարդում էի ԱՄՆ Կոնգրեսի պատգամավորների ունեցվածքի հայտարարագրերը: Քսանվեց պատգամավորի ունեցվածքն ու դրամական միջոցներն իրար գումարելով՝ ստացա մոտավորապես 400 հազար դոլար: Նշանակում է, ամերիկյան կոնգրեսմեններն իրենց ունեցվածքով շատ են հետ մնում մեր պատգամավորներից: Ավելին, այս քսանվեց հոգու դրամական միջոցները միասին վերցրած այնքան են, որքան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանի ունեցվածքը: Ուրեմն, կարող ենք, չէ, ասել, որ մեր մի Սադոյանը ԱՄՆ քսանվեց պատգամավոր արժե…
Սադոյանն ունի 330,9 քմ մակերեսով բնակարան Երեւանի կենտրոնում եւ մեկ հողամաս: Քմ-երի քանակը հուշում է, որ նա մի հարկաբաժնից ավելի է զբաղեցնում: Ունի երկու ավտոմեքենա՝ “Տոյոտա Քեմրի” եւ “Տոյոտա Կրաուզեր”: Տարեկան եկամուտը կազմել է 145 մլն 909 հազար 700 դրամ, 160 հազար ԱՄՆ դոլար, 115 հազար եվրո: Հայտարարագիրը լրացնելու պահին նրա հաշվին եղել է նաեւ 252 մլն դրամ, այսինքն, կես միլիոն դոլարից ավելի: Նրան է պատկանում նաեւ “Պոդո” ՍՊԸ-ն: Եվ սա, բնականաբար, ամենը չէ…
Սադոյանի ունեցվածքի ծագումնաբանությունը պարզելու համար հայացք գցեցինք նրա կենսագրությանը: Երեւանցի պատգամավորն ավարտել է ժողովրդական տնտեսության ինստիտուտը, բանակում չի ծառայել: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել “Հայբակալեա” ձեռնարկությունում որպես հաշվապահ: Մեկ տարի այստեղ աշխատելուց հետո՝ 1990-ին աշխատանքի է տեղավորվել ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետեւ տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ: Այսինքն, աստիճանաբար մոտեցել է իր բյուրեղյա երազանքին, դարձել է ֆինանսական միջոցների տեր, որովհետեւ չորս տարին բավական էր նորաստեղծ այդ կառույցում, ուր տակավին ամեն ինչ խմորումների մեջ էր, չկային կանոնակարգումներ, տեսուչների գործունեության նկատմամբ վերահսկողություն… Սադոյանի շրջապատից ոմանք պնդում են, որ հենց այս տարիներին նա կարողացավ որոշակի գումարներ աշխատել… Սակայն 1994-ին հեռացավ այս համակարգից: Ինչո՞ւ: Մենք տարբեր խոսակցություններ լսեցինք: Ոմանք ասացին, թե նրան “խնդրել” են հեռանալ, որովհետեւ նրա անվան շուրջ արդեն անհաճո խոսակցություններ կային, իսկ ոմանք էլ պնդեցին, թե մարդն այնքան գումար էր կուտակել, որ ցանկանում էր սեփական բիզնեսն ունենալ:
Եվ ունեցավ: 1994-1996 թվականներին դարձավ “Վահունի” ՍՊԸ տնօրեն, հետո չորս տարի էլ “Ռոյալ Կրիստալի” տնօրենն էր: Ժամանակին հատկապես վերջին ընկերությունը համարվում էր շահութաբերներից մեկը, այն հովանավորվում էր հարկային մարմինների, իշխանության մեջ գտնվող մի շարք անձանց կողմից: Սակայն 2000-ին Ռուբեն Սադոյանը նորից անսպասելիորեն աշխատանքի անցավ ՀՀ ՊԵ նախարարության հարկային տեսչության վերլուծության եւ հարկային եկամուտների պլանավորման բաժնում՝ որպես գլխավոր հարկային տեսուչ: Բայց մեկ տարի էլ չաշխատած՝ տնտեսագետը հանկարծ նշանակվեց “Երեւանի էլեկտրացանց” ՓԲԸ “Արշակունի” մասնաճյուղի տնօրեն: Էլեկտրականությունից ու էներգետիկայից չափազանց հեռու կանգնած մարդու այս նշանակումը եւս պայմանավորված էր նրա հզոր հովանավորներով: Իսկ ամենահզոր հովանավորը Գագիկ Բեգլարյանն էր, քանի որ Սադոյանը նրա մտերիմ ընկերն է: Բեգլարյանը թե՛ Սադոյան Ռուբենին, թե՛ նրա եղբորը միշտ պահում էր իր կողքին, անհրաժեշտ պահերին աջակցում, նպաստում պաշտոնական “թռիչքներին”: Այդպես Արա Սադոյանը “Կենտրոնի” թաղապետ դարձավ, իսկ Ռուբեն Սադոյանը մի քանի ամիս ղեկավարեց էներգետիկ համակարգը ու հետո նշանակվեց տնօրեն Էջմիածնի իրացման-շահագործման մասնաճյուղում:
Կարելի է ասել՝ “բազմապրոֆիլ” մարդ է Սադոյանը, քանի որ նաեւ զբաղվել է թափառող շների ոչնչացման աշխատանքներով: Բացի այդ, եղել է “Կենտրոն կանաչապատում” ՓԲԸ փոխտնօրեն:
Թե 2004-2007 թվականներին որտեղ եւ ինչով է զբաղվել Ռուբեն Սադոյանը, չկարողացանք պարզել: Ազգային ժողովից մեզ հայտնեցին, որ նրա կենսագրության մեջ այդ երեք տարին բացակայում է… Բայց ահա 2007-ին Սադոյանը հայտնվեց ԱԺ-ում՝ դարձյալ Գագիկ Բեգլարյանի հովանավորությամբ: Շատերս ենք հիշում, որ թիվ 9 ընտրատարածքում ե՛ւ ընտրակաշառք էր բաժանվում, ե՛ւ գործի էին դրվել վարչական ռեսուրսները, ե՛ւ թաղային հեղինակություններն էին շրջում թաղից թաղ ու հորդորում քվեարկել Սադոյանի օգտին: Մարդիկ ծիծաղելով ասում էին, թե՝ ախր Ազգային ժողովում թափառող շների դեմ պայքարելու անհրաժեշտություն չի լինելու, ի՞նչ է անելու “շուն խփող” Ռուբենը ԱԺ-ում: Բայց դե նրա սիրտը հիմա էլ պատգամավոր լինել էր ուզում: Եվ եղավ: Ավելին, 2012-ին կրկին վերադարձավ խորհրդարան՝ շարունակելու իր “բուռն օրենսդրական գործունեությունը”:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 598 համար