Գավառ քաղաքի բնակիչ, 2-րդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառու Դավիթ Գասպարյանը մայիս, հունիս եւ հուլիս ամիսներին չէր ստացել իր կենսաթոշակը: Այդ կապակցությամբ նա բազմիցս դիմել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գավառի տարածքային բաժին, սակայն խնդիրը լուծում չէր ստանում:
Օրերս Դ. Գասպարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով նրա միջամտությունն իր կենսաթոշակը ստանալու հարցում, եւ այս առիթով պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն էր ուղարկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Պաշտպանի գրությանն ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական նոր համակարգի շահագործման ժամանակ Դավիթ
Գասպարյանի տվյալները թյուրիմացաբար չեն ընդգրկվել հունիս ամսվա կենսաթոշակների վճարման ցուցակներում, իսկ հուլիս ամսվա կենսաթոշակի գումարը փոխանցվել է կենսաթոշակառուի բանկային հաշվեհամարին : Նախարարությունից հայտնել են նաեւ Գավառի տարածքային բաժնին հանձնարարվել է Դ. Գասպարյանի վերահաշվարկված կենսաթոշակի մայիս եւ հունիս ամիսների չվճարված գումարն ընդգրկել օգոստոս ամսվա վճարման ցուցակներում:
Պաշտպանի միջամտության արդյունքում քաղաքացու չվճարված կենսաթոշակն արդեն իսկ փոխանցվել է նրա բանկային հաշվեհամարին : Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է: