Ռեժիսորներն իրենց ձեռքն են վերցրել բեմանկարիչներին. Մարտիրոս Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկորների, զգեստների, բուտաֆորական իրերի ձեւավորումը, գրիմավորումը եւ լուսավորումը հսկայական նշանակություն ունեն հանդիսատեսի մոտ վիզուալ տպավորություն թողնելու եւ ներկայացման հաջողության հարցում: 21-րդ դարում բեմանկարչությունը (սցենոգրաֆիա) թվային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աշխարհում մեծ թափով զարգացում է ապրում: Դրան զուգահեռ նորովի դրսեւորումներ է ունենում բեմանկարիչների ստեղծագործական միտքը: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե զարգացման որ փուլում է հայ բեմանկարչությունը, դրան խոչընդոտող ինչ խնդիրներ կան, որոնք ենթակա են լուծման:

ՀՀ վաստակավոր նկարիչ, բեմանկարիչ Մարտիրոս Բադալյանը, ով մի շարք թատրոններում ձեւավորել է 40-ից ավել ներկայացումներ, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր գլխավոր ռեժիսորները «իրենց ձեռքն են վերցրել» ինչպես դերասաններին, այնպես էլ նկարիչներին. «Ռեժիսորը շատ ֆունկցիա վերցրեց իր վրա, բայց մեկ է` առանց բեմանկարչի յոլլա չի գնա: Առհասարակ, թատրոնում ամեն նկարիչ չի կարող դիմանալ: Դու այնտեղ թագավորը չես: Իսկ քո մոլբերտի առաջ տերը դու ես. ի՜նչ ռեժիսոր, ի՜նչ դերասան. դու միայն ստեղծագործիր: Թատրոնում նկարիչը կարող է ռեժիսորի հետ լեզու չգտնել: Ես ու ռեժիսորները, որոնց հետ աշխատում եմ, իրար համոզում ենք արվեստով. կարծես թե ստացվում է»,-ասաց նա:

Բեմանկարիչը պատմեց, որ մի անգամ հրաժարվել է աշխատել թատրոններից մեկում. «Բեմում իմ կատարելիք աշխատանքն ամբողջովին ծրագրել էի, մեկ էլ գնացի, տեսա՝ լրիվ ուրիշ մի դեկոր են բերել-դրել: Հարցրի՝ էս ի՞նչա, ասացին՝ պետք է յոլլա տանես: Պահո՜, ասացի»:

Նրա խոսքով` բեմանկարիչը կարող է ներկայացման ողջ էսքիզը ստանալ, տնօրինությունը հավանություն տա, բայց որոշ ժամանակ անց ասի, որ դա հնարավոր չէ ամբողջությամբ իրականացնել, քանի որ բավարար ֆինանսական միջոցներ չկան:
Ֆինանսական միջոցների բացակայության հետ են կապված նաեւ բեմերի աղքատիկ ձեւավորումները. «Բեմը պետք է հարուստ լինի լույսով: Լույսն այսօր առավել քան մեծ նշանակություն ունի. միայն դրանով կարելի է դեկորացիա ստանալ: Մեր բեմերին պակասում են նաեւ դռնակով անցքերը: Ես աշխատում եմ, օրինակ, Երեւանի խամաճիկների պետական թատրոնում, այնտեղ մի քանի հատ նման անցք ունենք, որոնք տեխնիկական մեծ հնարավորություններ են տալիս ե՛ւ ռեժիսորին, եւ՛ բեմանկարչին»,- նկատեց Մ. Բադալյանը:

Երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանի համար եւս բեմանկարչությունը արվեստի հետաքրքիր տեսակ է. «Այս դեպքում ստեղծագործելու նյութը միայն ներկն ու վրձինը չեն. դու աշխատում ես բեմի կոնկրետ կերպարի հետ»,-շեշտեց նա:

Հակոբը, ով նաեւ դերասան է, արդեն երեք տարի է` զբաղվում է բեմանկարչությամբ: Ասում է` ցանկացած նկարիչ, որը երբեւէ մոտիկից շփում ունենա թատրոնի հետ, հնարավոր չէ, որ չտարվի բեմանկարչի աշխատանքով:

Նրա համոզմամբ` սա զարգացող արվեստ է մեր երկրում. «Իհարկե, կան շատ խնդիրներ, բայց հնարավոր է ստեղծագործել նաեւ այս պայմաններում` հույս ունենալով, որ մի օր լուսային տեխնիկան կբարելավվի, նոր հարթակներ կստեղծվեն, խորհրդային տարիներից մնացած դեկորները, որոնք ամեն կերպ փորձում ենք համահունչ դարձնել այսօրվա պահանջներին, կփոխարինվեն նորերով»,-ասաց նա` հավելելով, որ թվային դարաշրջանի մարտահրավերները չեն կարող պարզապես անցնել հայ թատրոնի կողքով, հարկավոր է, որ «ներխուժեն» նաեւ այստեղ:
Երկու սերնդի բեմանկարիչներն էլ այն կարծիքին են, որ մենք ունենք հետաքրքիր մտածողությամբ մասնագետներ, պարզապես այն, ինչ կատարվում է երկրում, իր անմիջական արտացոլումն է ստանում թատրոնում, ուստի ֆինանսական խնդիրները չեն կարող չանդրադառնալ դեկորացիոն այս արվեստի զարգացման վրա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս