Ինձնից կլորիկ գումարներ պահանջեցին, բայց ես այդ տեսահոլովակը «պատի տակ» չեմ նկարել. Վրեժ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«X ֆակտոր» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանում հաղթելուց հետո երգիչ Վրեժ Կիրակոսյանը մասնակցեց «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնին, հանդես եկավ մի շարք այլ նախագծերում, ունեցավ շրջագայություններ տարբեր երկրներում, հասցրեց նկարահանվել սիթքոմում: Իսկ նախորդ տարի էլ նա հանդիսատեսին ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը` նկարահանված հայտնի «La danza: Tarantella napoletana» ստեղծագործության հիման վրա, համաշխարհային «Sony Music» ընկերության կողմից (Սա «X ֆակտոր» նախագծում Վրեժի մրցանակն էր): Դրանից հետո, թվում է, երգիչը չի երեւում ասպարեզում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` ինչով է նա այժմ զբաղված եւ արդյոք շարունակում է հանդես գալ դասական ժանրում:

Վրեժը մեզ տեղեկացրեց, որ ինքն այժմ աշխատում է նոր նախագծի վրա եւ նախատեսում է ներկայանալ համերգով. «Սկզբում այն նշանակված էր մայիսի 1-ին, սակայն, հաշվի առնելով վերջերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը, օրը տեղափոխեցինք. համերգը, հավանաբար, կկայանա մայիսի 20-ին: Ինձ այդ օրը կնվագակցի կենդանի նվագախումբ, կհնչեն դասական գործեր` իտալերեն եւ հայերեն, կկատարեմ Սայաթ-Նովա, Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, սպասվում են ժողովրդականի եւ նեոդասականի շատ հետաքրքիր միքսեր»,-նշեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք այսօր Հայաստանում հնարավոր է դասկան ժանրի ստեղծագործություններով պարբերաբար լսարան հավաքել ու գումար վաստակել, Վրեժը պատասխանեց, որ հնարավոր է, եթե հեռուստա եւ ռադիոընկերություններն ինտենսիվորեն աշխատեն այդ ուղղությամբ. «Կուզենամ անպայման նշել այն մասին, որ երբ ես ներկայացրեցի «La danza: Tarantella napoletana»-ի հիման վրա նկարահանած իմ տեսահոլովակը, մեր հեռուստաընկերություններին առաջարկեցի ցուցադրել այն:

Սակայն վերջիններս դրա դիմաց բավական կլորիկ գումար պահանջեցին ինձնից: Ես բացատրեցի, որ այդ տեսահոլովակը «պատի տակ» չեմ նկարել, ես էլ փողոցից անհայտ մեկը չեմ, ռաբիս բան չեմ ներկայացնում, որ մի հատ էլ վճարեմ` երգը «պտտեցնելու» համար, իսկ այդ ստեղծագործությունն էլ համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոց է, սակայն ապարդյուն (դասականի եւ ռոքի համադրությամբ այդ երգի ձայնագրման ընթացքում նրան նվագակցել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը` Պյոտոր Ֆերենցի ղեկավարությամբ:

Երգչի կերպարով զբաղվել են ռուս եւ Լոնդոնից ժամանած մասնագետները, իսկ տեսահոլովակը «Օստանկինո» ստուդիայի տաղավարներում նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Ֆյոդոր Գլազաչեւը-հեղ.): Ասացի, որ եթե նույնիսկ ունենամ, ոչ մի դեպքում չեմ տրամադրի այդ գումարը, քանի որ այն կարծիքին եմ, որ մեր եթերն է, որ ունի նման ստեղծագործության կարիքը: Այսինքն` շատ բան կախված է պրոպագանդայից»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս