
Այս պահին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում են գտնվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես նաեւ մի շարք քննիչներ:
Նրանք փորձում են հասկանալ, թե ինչը կարող էր լինել պայթյունի պատճառը: Ակնհայտ է, որ այն գազաբալոնից առաջացած պայթյուն չէ, քանի որ Բոգդան տեսակի ավտոբուսները գազով չեն աշխատում եւ անհնար է այնտեղ գազաբալոն տեղադրել: Ըստ ամենայնի շուտով կհրապարակվի պաշտոնական պարզաբանումը, թե ինչն է եղել ավտոբուսի պայթյունի իրական պատճառը: Նկատենք, որ արդեն մոտ 2 ժամ է, ինչ պաշտոնապես որեւէ տեղեկություն չի հաղորդվում պայթյունի պատճառների մասին:
Հիշեցնենք, որ 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով մեկ զոհ կա: Տեղեկացնենք նաև, որ այս պահի դրությամբ 7 վիրավոր կա: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: