Երևանի Հալաբյան փողոցում պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում, որում, նախնական տվյալներով, գտնվել է 9 անձ՝ վարորդը և 8 ուղևորները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է մեր թղթակիցը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։ Նա տեղեկացրեց, որ զոհվել է երկու անձ, նրանցից մեկի ինքնությունը պարզվել է, մյուս զոհվածի ինքնությունը պարզելու համար աշխատանքներ են տարվում։ Տուժածների թվում են նաև երեք անչափահասներ։
Այսպիսով, եթե մեկտեղելու լինենք մինչ այս ստացված տեղեկությունները, ապա պետք է արձանագրենք, որ ըստ ականատեսների, եղել է երկու պայթյուն. ոչ թե բեկորային, այլ` ալիքային: Այսինքն, պայթյունի հետեւանքով բեկորներ չեն նետվել տարածքում, այլ եղել է ուժեղ ալիք, որի ուժգնությունը կոտրել է անգամ հարակից շենքերի բնակարանների ապակիները: Ինչպես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, պայթյունը եղել է ավտոբուսի աջ կողմում նստած մարդու մոտ կամ մարդու տակ: Իսկ թե ով է եղել այդ մարդը, ինչ է եղել նրա մոտ կամ նրա նստարանի տակ, դժվար է ասել: Իրավապահները դեռ քննում են տեղի ունեցածի վարկածները:
Նկատենք, որ մինչ այս պահը հայտնի չեն 2 զոհերի անունները: Ըստ ամենայնի, հենց այդտեղ է ողջ խնդիրը, քանի որ պայթուցիկ կամ նման առարկա իր մոտ ունեցած մարդն է եղել զոհը կամ զոհերը:
Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ սոցցանցի իր էջում գրել է. «Գրեթե միանշանակ է, որ ավտոբուսի մեջ պայթյուն է որոտացել: Հարցն այն է՝ սա ահաբեկչական ա՞կտ է, թե ինչ-որ մեկը ռազմամթերք տեղափոխելիս է եղել՝ առանց ահաբեկչության նպատակի և պայթյունը հնչել է ակամա։ Հ.Գ. Ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։ Նստարանների կտորներին հրդեհի ակնհայտ հետքեր չկան»,-եզրափակել է պատգամավորը: