Թշնամու արկակոծությունից Մարտակերտում ավերածություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտ բնակավայրում ավերածություններ են եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» թերթի խմբագիր Լուսինե Զաքարյանը: «Ամբողջ գիշեր Մարտակերտի ուղղությամբ թշնամին մի քանի տեղերից կրակում էր:

Արկերի ընկած տեղերից պարզ երևում է, որ նրանք թիրախ էին ընտրել հենց խաղաղ բնակչությանը, քանի որ ավերածությունները եղել են հիմնականում քաղաքի կենտրոնում: Ամբողջությամբ և մասնակի ավերվել են տներ, խանութներ և համայնքային նշանակության այլ օբյեկտներ և ենթակառուցվածքներ»,- ասել է Լ. Զաքարյանը և հավելել, որ առայժմ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Լ. Զաքարյանի խոսքով, թշնամու արկակոծությունից քաղաքի բնակչությունը խուճապի չի մատնվել, նրանք պատսպարվել են ապաստարաններում, իսկ առավոտյան անցել իրենց աշխատանքին:

Իսկ ինչ վերաբերում է Մատաղիս բնակավայրին, ապա մեզ հետ հեռախոսազրույցում գյուղի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանն ասաց. «Բարեբախտաբար, այս անգամ թշնամուն չի հաջողվել լուրջ վնասներ հասցնել գյուղին»:

Նրա խոսքով, բնակիչները մասնավոր գույքի մասով որոշակի վնասներ են կրել, սակայն առանձնատներն ու համայնքային նշանակության օբյեկտներն հիմնականում անվնաս են մնացել:




Լրահոս