Միջազգային մամուլի անդրադարձը՝ Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային մի շարք առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են Երևանում Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսում տեղի ունեցած պայթյունին:

Ավտոբուսի պայթյունը հատկապես ակտիվորեն լուսաբանել են ռուսական լրատվամիջոցները: Մասնավորապես, Gazeta.ru-ն ապրիլի 25-ի երեկոյան հայտնել է Երևանում տեղական ժամանակով ժամը 21.51-ին տեղի ունեցած պայթյունի մասին: Պարբերականը հայտնել է 3 զոհի մասին՝ հղում կատարելով ՀՀ ԱԻՆ-ի տեղեկություններին: Ավելի ուշ Gazeta.ru-ն գրել է, որ ավտոբուսը պատկանել է Տուլայում վթարված ավտոբուսի սեփականատիրոջը:

Lifenews հեռուստաալիքը պայթյունի վայրից լուսանկարներ և վիդեոներ է հրապարակել:

Ntv հեռուստաալիքը մեջբերել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը, ում տեղեկություններով ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառը պայթուցիկ սարքն է եղել:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանությանը հանձնարարել է ուժգնացնել քաղաքում անվտանգության միջոցառումները:

Ավտոբուսի պայթյունին է անդրադարձել նաև «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որը հայտնել է, որ դեպքի արդյունքում տուժածները, որոնք 7-ն են, տեղափոխվել են հիվանդանոց:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասվել են հարևան տների պատուհանների ապակիները:

«Վեդոմոստի» պարբերականը մեջբերում է քննիչների տեղեկությունները, որոնց համաձայն՝ ավտոբուսի պայթյունի պատճառ է դարձել «ուղևորներից մեկի ձեռքում իրը»:

«Իզվեստիա»-ն գրում է. «ռումբը գործի է դրվել ավտոբուսի ուղևորի ձեռքում»:

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդել է, որ գործակալությունները զոհերի մասին ճշգրիտ թիվ չեն հայտնում:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները շարունակում են դեպքից մանրամասներ ներկայացնել:

Ավտոբուսի պայթյունը զերծ չի մնացել նաև արևմտյան լրատվամիջոցների ուշադրությունից: Մասնավորապես, Daily mail-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը, հայտնել է դեպքի արդյունքում մեկ զոհի մասին:

ABC news-ը մեջբերում է ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի խոսքը՝ հայտնելով, որ պայթյունի արդյունքում մեկ մարդ է զոհվել: Մեկ զոհի մասին է հայտնում նաև NBC29-ը:

«Սպուտնիկ» գործակալության ֆրանսիական ծառայությունը ևս հաղորդում է պայթյունի մասին՝ վկայակոչելով ականատեսներին, ովքեր հայտնել են ուժգին պայթյունի մասին:

Al Arabiya-ն նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցից մեկ օր անց:




Լրահոս