ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Հալաբյան- Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած 63 համարի ավտոբուսի պայթյունին, տեղեկացրեց, որ Երեւան քաղաքում սպասարկող երթուղիների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում:
«Մինչեւ իրավապահ համակարգը ուսումնասիրություններ չանցկացնի եւ չպարզի պայթյունի պատճառը կամ ուսումնասիրություն չանեն ու ասեն այդ բեկորները ավտոբուսի՞ մասեր էին, որ մարդկանց վիրավորել են, թե՞ ուրիշ նյութեր էին, որ այնտեղ տեղադրված են եղել: Կլինի կիմանանք, կասենք: Ես մասնագիտությամբ մեխանիկ եմ եւ վստահ հայտարարում եմ, որ ավտոբուսում պայթելու ոչինչ չկա»,- հավաստիացրեց Եղիազարյանը:
Մեր զրուցակիցը պնդեց նաեւ այն միտքը, որ եթե ավտոբուսում օտար ոչինչ չկա, հետեւաբար, պայթելու ոչինչ էլ չկա. «Ինչի՞ց կարող էր պայթեր: Բացառում եմ, որ ավտոբուսից է պայթյունն առաջացել: Տեխնիկական հարցերի մեջ ենք մտնում, չի կարող նման բան լինել: Եթե օտար մարմին է եղել ավտոբուսի մեջ, ապա այլ անձ է տեղադրել դա: Եթե օտար մարդ չի եղել, ինքնաբռնկում է եղել, կրկին չպետք է նման պայթյուն առաջացներ: Չէ որ ամենաանվտանգ փողադրամիջոցները ողջ աշխարհում սպասարկվում են դիզելային վառելիքով: Իսկ մենք անցել ենք բնական գազին վատ ապրելու հետեւանքով: Եւ չնայած սրան՝ Երեւանում մեծ քանակով ուղեւորներ տեղափոխող երթուղիները աշխատում են միայն դիզվառելիքով, որովհետեւ դա անվտանգ է»,- փոխանցեց փոխադրողների միության նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով կա 2 զոհ:
Նշենք նաև, որ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնցից մեկը այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն: