Երեկ Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել, սակայն իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հաղորդագրության բացակայության պայմաններում Հայաստանի պաշտոնյաներն այնքան էլ չեն շտապում իրավիճակին որևէ գնահատական տալ:
ArmLur.am-ի հետ զրույցում որևէ գնահատական չշտապեց տալ նաև Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Ես որևիցէ եզրակացություն, եթե արած լինեմ, սխալված կլինեմ, քանի որ դեպքի վայր են գնացել մարդիկ, նայել են: Ես չեմ եղել դեպքի վայրում, մանրամասներին տեղյակ չեմ: Թողեք թող պատկան մարմինները զբաղվեն իրենց գործով և համապատասխան եզրակացություն անեն», – ընդգծեց նա:
Մեր ճշտող հարցին, ի վերջո այս ամենն ինչի հետ կարող եք կապել, ում էր այն ձեռնտու, նա կրկին ընդգծեց, որ ինքը հիմա ինչ էլ ասի, դա կլինի շատ սխալ և ապակողմնորոշող լսողների համար: «Թողեք թող մարմինները զբաղվեն, համապատասխան եզրակացությունն այսօր կլինի. այսօր երեկոյան ամեն ինչ պարզ կլինի», – հավելեց նա: