Հայաստանը ով է, որ որոշի Լեռնային Ղարաբաղի փոխարեն. Գառնիկ Իսագուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք մեր հաղթանակի համար նախեւառաջ պարտական ենք առաջին գծում կանգնած շարքային զինվորներին: Պատիվ եմ ունեցել հանդիպել երիտասարդների, ովքեր այդ պաշտպանական դիրքից միակ կենդանի մնացած զինվորներն են: Ես առաջարկեցի այդ երիտասարդին ուղարկել թիկունք՝ հաշվի առնելով հոգեբանական վիճակը, սակայն նա սպառնաց, որ իրեն վնաս կտա, քանի որ չէր ուզում լքել դիրքը. ընկերները մնացել են դիմացի բլրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը եւ հավելեց.

«Սա աննախադեպ, աննկարագրելի երեւույթ էր, եւ այդ քաջությունն էր, որ կանգնեցրեց ադրբեջանական այդ ագրեսիան: Բոլորը թող իմանան, որ մեր սահմանները չեն սկսվում Մարտունուց, Թալիշից, Մարտակերտից. մեր սահմանները Բաղրամյան պողոտայում, Աբովյան փողոցում են, եւ մեր զինվորները չեն մահացել, նրանք անմահացել են: Մահացել են նրանք, ովքեր ինչ-որ պարտավորություններ ունեին մեր զինվորների նկատմամբ, սակայն չեն կատարել: Պահեր կան, որ չեմ կարող հիմա նկարագրել, թե 3 հոգով ոնց են 300 հոգու դեմ պայքարել, քանի որ նրանց համար կարեւոր է եղել ընկերոջ կյանքը, մի թիզ հողը, անձնական պատիվը: Մենք տարածքներ չենք կորցրել Ղարաբաղում, այո միգուցե բացառապես ռազմավարական տեսանկյունից դիրքային փոփոխություն է եղել, սակայն պնդում եմ, որ տարածքներ չենք կորցրել եւ չենք պատրաստվում: Մենք տարածքներ կորցրել ենք Բաղրամյանի, Մաշտոցի պողոտաներում: Կարծում եմ, որ այնուամենայնիվ այժմ այն պահը չէ, որ փնտրենք մեղավորներ կամ դավաճաններ, դա պետք է անեն իշխանությունները, եւ հետաքննությունները պետք է այնպայման արդյունք ունենան»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ՝ Լեռնային Ղարաբաղ վերջերս կատարած այցին, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ մամուլում բազմիցս շրջանառվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

«Այնտեղ խնդիրը եղել է ստանալ ամբողջական ինֆորմացիա բանակի, ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ: Ոչ ոք ԼՂՀ-ում չի քննարկել տարածքներ հանձնելու հարցը, դա անհնարին է, եւ բազմիցս ասել եմ՝ Հայաստանը ով է, որ որոշի Լեռնային Ղարաբաղի փոխարեն, Հայաստանը միշտ Լեռնային Ղարաբաղի կողքին է, բայց ոչ փոխարեն»: Գառնիկ Իսագուլյանը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, սակայն նշում է, որ հակահարվածը բավականին լուրջ է լինելու, եւ այս անգամ Ադրբեջանին պարտադրվելու է խաղաղություն:




Լրահոս