«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզում կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արմեն Կարապետյանն այս օրերին զբաղված է իր գործերը «դասավորելով»:
Բանն այն է, որ դեռեւս 2008թ. համայնքի ընտրություններում Արմեն Կարապետյանը պարտվեց դաշնակցական Արտուր Աթայանին, ում այն ժամանակ սատարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ու այդ օրվանից «լարվել» են Մ. Հակոբյանի ու Կարապետյանի փոխհարաբերությունները: Բայց, քանի որ հիմա՝ արդեն կանխատեսելի ընտրությունների արդյունքում Կարապետյանը պատգամավոր դառնալուց հետո մարզում աշխատելու է Մ. Հակոբյանի եւ նրա որդու՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, արդեն սկսել է քայլեր ձեռնարկել՝ «հարթելու» առկա լարվածությունը: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն, Կարապետյանն անգամ Երեւան է եկել ու հանդիպել Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել Մ. Հակոբյանի հետ:
Իհարկե, Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, մի կողմ դնելով անցյալը, առանձնապես վատ վերաբերմունք չի դրսեւորել Կարապետյանի նկատմամբ վերջին շրջանում, սակայն Կարապետյանը լավ գիտի, որ, եթե հայր Հակոբյանի հետ չհաշտվի, տուժելու է:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկության իսկությունը պարզել պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը Երեւան է եկել իր երեխաներին տեսնելու նպատակով ու որեւէ հանդիպում չի ունեցել «բարիշելու» թեմայով: Մեր հարցին, թե ցանկանո՞ւմ է հանդիպել Մ. Հակոբյանի հետ, վերջինս անընդհատ պատասխանում էր, թե հարցը չի լսում:
Հ. Գ. Երեկ ավարտվեց թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ընտրությունների համար թեկնածուների գրանցման վերջնաժամկետը: Երեկվա դրությամբ որպես թեկնածու փաստաթղթեր են ներկայացրել քաղաքացիներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը` ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաեւ Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված ՀՀԿ-ի կողմից: Թեկնածու ունի նաեւ «Ժառանգություն»-ը՝ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը:
ԱՊԱԳԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԻՐ ՈՒՂԻՆԵՐՆ Է ՀԱՐԹՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ