Պաշտոնից հեռացված ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը աղմկահարույց պատմության կիզակետում էր հայտնվել. ՊՆ պաշտոնանկությունների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունում պաշտոնանկությունների շարք է : Այսօր հայտնի դարձավ որ, Սերժ Սարգսյանը մի շարք որոշումներ է կայացրել, որոնցով պաշտոնից ազատվել են գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը, պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ով ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետն էր:

Թե նրանց աշխատանքում կոնկրետ ինչը Սերժ Սարգսյանի սրտով չի եղել, կամ ինչն է նրա գնահատմամբ չարաշահում կամ թերացում եղել, այս պահին հայտնի չէ. այստեղ առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միայն երկրի ղեկավարը նման քայլի գնաց:

ArmLur.am-ը փորձեց պարզել` զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների անցած ճանապարհը, մասնավորապես, ինչով են նրանք հայտնի:

Այսպես, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի անունը, պարզեցինք, տարիներ առաջ աղմկահարույց մի դեպքում է շոշափվել: Դեռևս 2014 թվականին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «թիրախավորվել էր» ՀՀ 61-ամյա քաղաքացի Խաչիկ Մարտիրոսյանի կողմից: Վերջինս սույն պաշտոնյայի մասին իրեն հայտնի դարձած փաստերը պետք է տրամադրեր ադրբեջանական հատուկ ծառայություններին:

Իսկ ինչ է հայտնի դարձել Խ. Մարտիրոսյանին:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը, ոչ ավել, ոչ պակաս, սիրուհի ունենալու մեջ մեղադրվեց:

Խաչիկ Մարտիրոսյանին Ադրբեջանի հատուկ ծառայությունները հանձնարարել են տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «Ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ, որը, ինչպես հետագայում պարզվել է, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ինչպես նաև նրա սիրուհու կենսորոշիչ տվյալների ու բնակության հասցեի վերաբերյալ։

Այդ ժամանակ պաշտոնապես հայտարարվել էր, թե Խ. Մարտիրոսյանը Թբիլիսի քաղաքում ադրբեջանցի Մախմուդին է փոխանցել իրեն հայտնի դարձած իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինա Սարգսյանի տվյալները, ում չէր համակրում։

Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Արշակ Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով՝ 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է «Азербайджанская разведка в Ереване» /Ադրբեջանական հետախուզությունը Երևանում/ վերնագրով հոդվածը։

Հ.Գ. Դեռևս 2012 թվականին ԱՄՆ-ում աղմկալի պաշտոնանկություն են տեղի ունեցել: Պաշտոնից հեռացվել էին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարր Դեյվիդ Պետրիուսը ու երկրի ՊՆ-ին ենթակա Lockheed Martin կոնցերնի նախագահ Քրիստոֆեր Կուբասիկը: Ընդ որում, երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում էին ներկայացրել սիրուհիների պատճառով: ԿՀՎ ղեկավարի արտամուսնական կապի մասին հայտնի էր դարձել ԱՄՆ ղեկավարությանը Հետաքննության դաշնային բյուրոյի անցկացրած գաղտնի գործողությունների արդյունքում:

ԱՄՆ-ում նման բարձրաստիճան պաշտոնյաների արտաամուսնական կապերին շատ խիստ են վերաբերում, քանի որ վտանգ կա, որ կնոջը ինչ-ինչ պատճառներով դավաճանողը ցանկացած պատճառով կդավաճանի նաև հայրենիքին:




Լրահոս