«Այս պաշտոնները, փաստացիորեն, բանակի համար առանցքային կարեւորություն ունեցող պաշտոններ են: Հուսանք, որ սա առաջին քայլերն են, եւ հետագա քայլերը նույնպես կլինեն իրավիճակին համարժեք, քանի որ այն գործելակերպը եւ այն մտածողությունը, որով մինչ այժմ մեր իշխանությունները առաջնորդվել են, արդեն ապացուցված է՝ չեն բավարարում, եւ արմատական վերանայման կարիք ունեն բոլոր ոլորտներում՝ թե՛ ռազմական, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ամենակարեւորը, ներքաղաքական: Ակնհայտ է, որ այդ գործելակերպը իրավիճակին եւ սպառնալիքներին երկար տարիներ չէր համապատասխանում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
ArmLur.am-ի այն դիտարկմանը, թե փաստորեն նման լայնամասշտաբ ռազմական գործողություններ, զոհեր պետք է ունենայինք, որ այդ գործելակերպը վերանայվեր եւ պաշտոնանկություններ լինեին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ դեռ ուշ չէ, բայց շատ ժամանակ չունենք: Այժմ մի իրավիճակում ենք հայտնվել, որտեղ, իմ գնահատմամբ ինչքան էլ ցավալի լինի ասել, պատերազմը ուղղակիորեն անխուսափելի է, եւ դա ժամանակի հարց է, ժամանակ չունենք»:
Ինչպես ArmLur.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի, պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոններից ազատել է համապատասխանաբար գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյան, Ալիկ Միրզաբեկյանին, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: