Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների:
Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետներից մեկի` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցը: Հազարավոր մարդիկ մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, այդ թվում նաև՝ Հայաստանի քաղաքացիներ: Աշխատանքներին մասնակցած մեր ավելի քան 3000 քաղաքացիներից, ցավոք, 400-ից ավելին հետագայում մահացան ճառագայթահարման հետևանքով, իսկ շուրջ 2000-ը մինչ օրս գտնվում են մասնագիտացված բժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ: Այդ մարդիկ մեր մշտական ուշադրության ու հոգատարության կարիքն ունեն, և մենք գիտակցում ենք մեր պարտքն ու պատասխանատվությունը նրանց նկատմամբ: Կառավարությունն անում է և կանի հնարավորը «չեռնոբիլցիների» առողջապահական և սոցիալական խնդիրները լուծելու համար»:
Վարչապետի խոսքով՝ այս օրն ունի ոչ միայն վթարի զոհերի հիշատակը ոգեկոչելու, այլև սթափեցնող, զգոնության կոչ ու ահազանգ հնչեցնող նշանակություն: «Այսօր` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցի օրը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր, չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը, շտապել են աղետի գոտի` օգնության ձեռք մեկնելու բարեկամ ժողովուրդներին», – ասել է Հովիկ Աբրահամյանը և շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիային, որն ավելի քան 25 տարի Հայաստանում և ԱՊՀ երկրներում ներկայացնում է մեր երկրում բնակվող «չեռնոբիլցիների» խնդիրները, շահերը և զբաղվում է նրանց սոցիալական ու առողջապահական հարցերով:
Հայաստանի Հանրապետությունում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ վթարի հետևանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման և հայրենիքին մատուցած ծառայությունների համար Լև Արտիշչևը, Վլադիմիր Սոկոլյանը, Երեմ Ավագյանը, Գևորգ Մելքոնյանը և Գևորգ Վարդանյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, իսկ Գեորգի Վարդանյանը, Յուրա Ղուլյանը, Ռուբեն Ղարագադյանը, Սիրեկան Պետրոսյանը, Մուրադ Մուրադյանը, Արթուր Հարությունյանը, Սիմոն Իրիցյանը, Մարտին Օհանյանը, Տիգրան Կարապետյանը և Հովիկ Թաթոյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Գևորգ Վարդանյանը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման և հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրված ՀՀ քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել՝ պետական հոգածության, սոցիալական և առողջապահական աջակցության, ինչպես նաև իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: