Ցավալի է, որ պետք է հասնեինք այս վտանգավոր կետին, և նոր միայն պաշտոնանկություններ լինեին. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը մի շարք հարցեր բարձրացրեց՝ կապված հետախուզության, մեր անպատրաստ լինելու, նյութատեխնիկական մատակարարման հետ:  Իհարկե, զայրացնում էր այն, որ սկզբնական շրջանում հայտարարում էին, թե ոչ մի հրաժարական չի լինելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանըպաշտոնանկությունները որակելով որպես ուշացած, սպասված եւ անհրաժեշտ:

Նրա խոսքով, իշխանություններն արդեն հասկացել են, որ այսպես շարունակելու դեպքում հաջորդ կորուստները կարող են թանկ արժենալ:

«Նրանք հասկացել են, որ  պատին դեմ են եղել, այդ իսկ պատճառով էլ դիմում են այս քայլերին: Ազատված պաշտոնյաների պաշտոնները արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչից է դժգոհ Սերժ Սարգսյանը: Ցավալի է, որ պետք է հասնեինք այս վտանգավոր կետին, և նոր միայն պաշտոնանկություններ լինեին: Եթե ավելի շուտ շտկած լինեինք այս խնդիրները, կանխեինք, ապա այսքան զոհ չէինք տա»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցին, որում նա, մասնավորապես, նշել էր, որ 2011 թվականին պատրաստ է եղել Ադրբեջանի հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը, Ստեփան Սաֆարյանը նշեց.

«Ես բավականին զարմացած եմ այդ  համարձակությունից, քանի որ նախկինում Սերժ Սարգսյանը մշտապես խուսափել է այն խնդիրների մասին խոսելուց, այժմ, կարծես, կրկին դանակը ոսկորին է հասել, որովհետեւ այսպես շարունակել կնշանակեր համակերպվել հաջորդ հարձակումների հետ, համաձայնել Ադրբեջան-Ռուսաստան համատեղ խաղին, եւ արդյունքում դա չափազանց ծանր հետեւանքներ կարող էր ունենալ ոչ միայն երկրի, այլեւ իշխանության համար: Տեսեք, նա բացահայտ հայտարարեց, որ եթե նախկինում քննարկել էր մի շարք հարցեր, այդ թվում նաև ռուսական խաղաղապահների տեղակայումը, ապա  այժմ նման լուծում չի տեսնում: Այսպես, Սերժ Սարգսյանը, ըստ էության, հասկացնում է, որ մինչեւ Ադրբեջանի հետ հստակություններ չմտցվեն հրադադարի պահպանման հարցում, Հայաստանը չի շարունակի բանակցությունները»:

Հիշեցնք, որ ArmLur.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի, պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոններից ազատել է համապատասխանաբար գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյան, Ալիկ Միրզաբեկյանին, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին:

Սյուզի Մուրադյան




Լրահոս