Լոռեցիներն իշխանապաշտ մարդիկ են, շատ են սիրում պաշտոնյաներին եւ ունեւորներին: Նրանց աստվածացնում են, մեծարում: Հնուց եկող հոգեբանություն է, որն արմատավորվել է նրանց մեջ: Այս հոգեբանության պատճառով էլ այսօր ողջ Լոռիում առանձնակի ուշադրություն կա ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի նկատմամբ, որի խոսքը շատերն օրենք են համարում, որին համարում են նաեւ մարզի կեսի տիրակալը:
2007-ից առաջ, երբ Կարեն Սարիբեկյանը դեռեւս պատգամավոր չէր, նրա մասին քչերն էին խոսում, քչերն էին հիշատակում նրա անունը, չնայած Վանաձորի համայնքի ավագանու անդամ էր, բայց բավական էր դառնար պատգամավոր, որ անմիջապես դառնար հանրային դեմք, ուժեղներից մեկը ողջ Լոռու մարզում: Հիսնամյա Կարեն Սարիբեկյանը ծնունդով վանաձորցի է, այստեղ ավարտել է դպրոցը, ապա, ինչպես խիստ մոդայիկ էր ժամանակին, սովորել Լենինականի, այժմ՝ Գյումրու, թեթեւ արդյունաբերության տեխնիկումում: 1987 թվականին ավարտել է այս միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունը, բայց հետո չի բավարարվել այս կրթությամբ եւ ավարտել է նաեւ Վանաձորի «Մխիթար Գոշ» ոչ պետական համալսարանը: Նշենք, որ այս համալսարանում սովորում էին շատ պաշտոնյաներ, գործարարներ: Ավելի ճիշտ, պարզապես դիպլոմ էին ստանում: Ու Կարեն Սարիբեկյանն էլ, հազիվ թե, պարտաճանաչ կերպով դասերի հաճախած լիներ, մանավանդ որ՝ արդեն պաշտոն ուներ, մաս էր կազմում տեղական բիզնեսին:
Ի դեպ, Կարեն Սարիբեկյանին Վանաձորում նաեւ «աֆղանցի Կարեն» են ասում, որովհետեւ ծառայել է բանակում, մասնակցել աֆղանական պատերազմին: 1983-ից մինչեւ 1998 թվականը աշխատել է Կարի ֆաբրիկայում եւ Հացի արտադրական միավորումում, իսկ հետո էլ դարձել ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղի տնօրեն: Այս ժամանակ էլ հայրենակիցները նրան «էլցանցի Կարեն» սկսեցին կոչել: Ու, երբ պատգամավորության թեկնածու առաջադրվեց, հենց այդպես էլ ներկայացնում էին նրան՝ «էլցանցի Կարենը»: Վանաձորում, իհարկե, ոչ ոք չզարմացավ, որ քաղաքականությունից հեռու, արցախյան պատերազմին մասնակցած ու շատ փոքր ձեռնարկության տնօրենը հանկարծ հավակնում էր դառնալ պատգամավոր: Ամեն ինչը փողն էր որոշում, իսկ Սարիբեկյանն այդ ժամանակ արդեն ունեւոր էր համարվում, չնայած, երբ նայում ես նրա հայտարարագիրը, ուղղակի զարմանում ես: Ինչպես շատերը, նա եւս «համեստություն» է արել եւ նշել է իր ունեցվածքի միայն մի փոքրիկ մասը:
Այսպես, հայտարարագրել է ընդամենը 69,3 քմ տարածքով մի բնակարան եւ մի ավտոտնակ: Ունի նաեւ «Լեքսուս LX470» մակնիշի մեկ ավտոմեքենա: Տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 2 մլն 746 հազար 500 դրամ, բայց ահա իր հաշվին ունեցել 45 մլն դրամ: Այսինքն, մոտ հարյուր հազար դոլար: Բնականաբար, այս ամենը չի արտացոլում նրա իրական ունեցվածքը, որովհետեւ վանաձորցիները մատնանշում են նրա մի շարք այլ օբյեկտներ եւս… Այդ ամենի ապացույցն են նաեւ այն բարեգործությունները, որոնք նա անում է տարբեր տոների ժամանակ հատկապես իր գյուղաբնակ ընտրողներին, նաեւ խոստացել է մեծ ներդրումներ անել եւ Լոռու մարզի Շահումյան գյուղում եկեղեցի կառուցել: Սարիբեկյանը խորհրդարանում երբեք ելույթներ չի ունենում, հարցեր չի բարձրացնում, բայց լինում է ընտրատարածքի գյուղերում, հանդիպում ընտրողների հետ, խոստանում լուծել գյուղացիներին մտահոգող հարցերը: Հանդիպումների ժամանակ էլ Կարեն Սարիբեկյանը գրեթե չի խոսում, միայն լսում է: Ոմանք ասում են, որ շատ զգուշավոր մարդ է, ոմանք էլ «չխոսկանությունը» վերագրում են բառապաշարի սղությանը…
Չնայած այս ամենին, Լոռու մարզի էլցանցերը մինչեւ այսօր իր վերահսկողության տակ պահող Կարեն Սարիբեկյանը համարվում է Սերժ Սարգսյանի «մարդկանցից», հենց Սերժ Ազատիչի «դաբրոյով» է նա դարձել պատգամավոր եւ ընդգրկվել ՀՀԿ շարքերում:
Սերժ Սարգսյանի հետ էլ ծանոթացել ու մտերմացել է Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի շնորհիվ: Բայց Հենրիկ Քոչինյանից զատ, Սարիբեկյանի համար բարեխոսել են «Աֆղանական պատերազմի վետերանների միության» նախագահ Արմեն Մխիթարյանը ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Նշենք, որ երբ 2007-ին Կարեն Սարիբեկյանը խորհրդարան մտավ, ՀՀԿ շատ պատգամավորներ նրա հետ չէին շփվում, ոմանք անգամ համարում էին, թե նա արժանի չէ իրենց կուսակցության շարքերում լինել, քանի որ չեն ճանաչում, չգիտեն: Բայց անվստահությունը մի քիչ վերացավ, ու հիմա Կարեն Սարիբեկյանն էլ համարվում է ՀՀԿ ամենաընդունելի պատգամավորներից մեկը, անգամ մտերմություն է հաստատել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի հետ եւ, ըստ որոշ տեղեկությունների, Լոռու մարզում Սաշիկ Սարգսյանի հետ համատեղ բիզնես ունի…
Ի դեպ, ժամանակին շատ հետաքրքիր տեղեկատվություն տպագրվեց մեր թերթերից մեկում: Նախորդ ընտրությունների ընթացքում այրել էին թիվ 31 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված ՀԺԿ-ական Լարիսա Փարեմուզյանի բնակարանը: Լարիսա Փարեմուզյանն էլ դատախազություն ներկայացրած իր բողոքում նշել էր, որ իր բնակարանի այրումը իրականացվել է ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանի եւ պատգամավորության թեկնածու Կարեն Սարիբեկյանի կողմից: Իհարկե, այս փաստն անմիջապես հերքվել էր ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովի կողմից: Ի դեպ, Լարիսա Փարեմուզյանը ներկայացրել էր մի քանի հազար խախտում, նաեւ նշել, որ նախընտրական հանդիպումները խոչընդոտել են Էլեկտրիկները՝ խաթարելով էներգամատակարարումը… Բայց շուտով բնակարանն այրելու փորձի ու ընտրախախտումների մասին մոռացվեց…
Կարեն Սարիբեկյանը պիտի գար խորհրդարան եւ… եկավ…
ԼՈՌՈՒ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԿԱՐԵՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ