ՀԱՅԵՐԸ՝ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ
Գլենդել քաղաքում կրեդիտ քարտերից անձնական տվյալներ գողանալու գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել են հայեր: Պարզվել է, որ Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Էմիլ Մորկուսը քարտերի սքիմինգի համար սարք են պատրաստել, որն օգտագործել են տուժածների հաշիվներից տեղեկատվություն գողանալու համար: Նրանք նաեւ կրեդիտային քարտեր են պատրաստել, որոնք հետո վերակոդավորել են գողացված տեղեկությամբ: Այդ գումարներով նրանք բենզին են գնել եւ վերավաճառել բեռնատարների վարորդներին: Իրավապահները խուզարկություններ են անցկացրել Գլենդելում, Լոս Անջելեսում եւ այլ տեղերում, որտեղ հանցանշաններ են գտել: Ոստիկանությունը դեռ որոնում է Հրաչ Կեյոյին, Վաչիկ Բաբայանին եւ Դավիթ Եզգատյանին:
ՍՆԴԻԿ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐՈՒՄ
Հայաստանում մանկական խաղալիքների մեջ հայտնաբերվել է սնդիկ։ Այս մասին, երեկ հայտարարել է «Հայ կանայք հանուն առողջության եւ շրջակա միջավայրի» ՀԿ անդամ Քնարիկ Գրիգորյանը: Կազմակերպության անցկացրած հետազոտության համաձայն, Հայաստանում սնդիկ է հայտնաբերվել խաղալիքների մեջ, որոնցից 9-ը եղել են չինական, մեկը՝ հայկական արտադրության: Սնդիկ է հայտնաբերվել նաեւ Եվրոպայից ներկրվող կոսմետիկայում, այդ թվում նաեւ՝ մանկական շրթներկի մեջ: «2013թ. հունվարին Ժնեւում ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Մինիմատյան կոնվենցիան, որի նպատակը խափանելն է սնդիկի վտանգավոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Հայաստանը դրան դեռ չի միացել, սակայն հույս ունենանք, որ կանի դա»,- նշել է ՀԿ անդամ Էմմա Անախասյանը:
ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
«Գրուզիա Օնլայն»-ը գրում է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանով փորձ է արվել Վրաստան մտցնել չհայտարարագրված բջջային հեռախոսներ: Երկրի եկամուտների ծառայության տվյալներով, դա փորձել է անել Հայաստանի քաղաքացի Ա. Մ.-ն, որը Ստամբուլ-Թբիլիսի չվերթով ժամանել է Վրաստան: Ուղեբեռի ստուգման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 10 հատ iPhone 5 եւ 4 հատ iPhone 4s: Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ խախտման համար ՀՀ քաղաքացին տուգանվել է 13148,76 լարիով՝ մոտ 800 դոլար: