ԿԱՐՏՈՖԻԼԻՑ ԷԺԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ից Արտաշատի պահածոների գործարանը Այրումի պահածոների գործարանի տարածքում Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործներից կիլոգրամը 50 դրամով դեղձ է ընդունում: Թեեւ նախապես հայտարարվել էր, որ դեղձի ընդունումը օգոստոսի 5-ից է կատարվելու, սակայն այդ գործընթացի մեկնարկը 2 օր ուշացումով եղավ: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ կնքված պայմանագրերի համաձայն ընդունված բերքի դիմաց այգեգործներին վճարումը կկատարվի 1-2 ամսվա ընթացքում: Նշենք, որ նախորդ տարիներին Այրումի պահածոների գործարանում գյուղացիներից ընդունված դեղձի դիմաց վճարումների ուշացումներ են եղել: Փոխնախարարի խոսքերով, Այրումի պահածոների գործարանում ընդունվել է 54 տոննա դեղձ, իսկ «Սպայկա» ընկերությունը Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործներից կիլոգրամը 100-125 դրամով ընդունել է 110 տոննա դեղձ: Նշենք, որ Պտղավան գյուղում գործող պտղի չորանոցում դեղձն այգեգործներից ընդունում են կիլոգրամը 80 դրամով, այնտեղ արդեն մթերվել է մոտ 3 տոննա միրգ: Նոյեմբերյանի պտղաբույծների մեծամասնությունը գերադասում է սեփական հնարավորություններով իրացնել դեղձը, քան այն էժան գնով հանձնել մթերողներին: Որոշ դեպքերում պտղաբույծներն իրենց աճեցրած մրգից ստիպված դեղձի օղի են թորում: «Ծառի տակ աճած խոտի մեկ կիլոգրամի գինն է 50 դրամ, դեղձի ծառը սեզոնի ընթացքում 5-6 անգամ սրսկում ենք, ոռոգում, ինչո՞ւ պետք է խոտի գնով հանձնենք»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին Դեբեդի հովտի այգեգործները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքերով, այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանում առկա է դեղձի շուրջ 7 հազար տոննա բերք: Նախարար Ս. Կարապետյանին պատկանող Արտաշատի պահածոների գործարանը դարձյալ նրան  պատկանող մեկ այլ` Այրումի պահածոների գործարանի տարածքում պտղաբույծներից դեղձ է ընդունում մեկ կիլոգրամ կարտոֆիլից եւ մեկ լիտր հանքային ջրից  մոտ չորս անգամ էժան գնով: Ու չպետք է զարմանալ, թե ինչու է Տավուշի սահմանամերձ տարածքներից գյուղացիների արտագաղթը շարունակվում:




Լրահոս