ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը համացանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ամերիկյան Բլումբերգին տված հարցազրույցին:
Գրառման մեջ ասվում է. «Ուշադրությամբ նայեցի նախագահ Սարգսյանի հարցազրույցը Բլումբերգին: Պետք է ասեմ, որ դրանում ինձ համար մի քանի խնդրահարույց մտքեր կան:
Ինձ ամենաշատը զարմացրեց և մտահոգեց այն դիրքորոշումը, որ հայկական կողմը չի ուզում կամ պատրաստ չէ վերսկսելու բանակցությունները:
Հարցազրույցում ասվում է, որ ադրբեջանցիների ծրագրերը ձախողվել են, միջազգային հանրությունը, հատկապես միջնորդ երկրների ղեկավարությունը, ամբողջությամբ գիտակցում են, որ այս ամենի մեղավորը Ադրբեջանն է, որ տարիներ շարունակ հիմնականում Ադրբեջանն է մերժում միջնորդների առաջարկած կարգավորման նախագծերը, հատկապես՝ Կազանի փաստաթուղթը:
Հաշվի առնելով այս ամենը՝ ես կարծում եմ, որ բանակցությունները վերսկսելու սրանից ավելի հարմար պահ չի կարող լինել: Միգուցե նախագահը տիրապետում է նաև այլ տեղեկատվության, որի մասին չի բարձրաձայնում: Բայցևայնպես հարկ է ընդգծել, որ երբ բանակցությունները տապալվում են, պատերազմի հնարավորությունն էապես մեծանում է:
Համոզված եմ և իմ փորձից կարող եմ ասել, որ եթե վերջին տարիներին բանակցությունները խորը փակուղում չլինեին, միգուցե հնարավոր լիներ խուսափել այս պատերազմից, զոհերից ու ավերածություններից:
Ստատուս քվոյի փոփոխությունը հնարավոր է երկու հարթությունում՝ բանակցային և ռազմական: Հաշվի առնելով նախորդ քսան տարիներին Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախ կարգավիճակը՝ հայկական կողմի համար հարցի կարգավորումը դիվանագիտական հարթությունում է: Մեզ համար ստատուս քվոյի ամրագրումը և բանակցային փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը հնարավոր է միմիայն բանակցային հարթությունում:
Ադրբեջանական կողմի խնդիրն այսօր ստատուս քվոյի, հատկապես՝ տարածքների առումով, հետ պտտումն է 1991-ի իրավիճակին: Դա տեսականորեն հնարավոր է միմիայն ռազմական հարթությունում: Եթե պատերազմ է տեղի ունենում, նշանակում է, որ Ադրբեջանը մեզ ներքաշել է իր հարթություն: Իսկ եթե բանակցային գործընթաց կա, նշանակում է, որ մենք մեզ համար ցանկալի հարթությունում ենք:
Հետևապես այսօր մեր դիվանագիտության հիմնական խնդիրը ոչ միայն բանակցությունները վերսկսելն է, այլև բովանդակային նախաձեռնությունը վերցնելը:
Ամեն անգամ, երբ բանակցությունները մտնում են փակուղի, ինչ-որ մեկը միշտ փորձ է անում նոր գաղափարներ ներմուծելով՝ խնդիրը փակուղուց դուրս հանել: Եթե փակուղու պատճառը եղել է Ադրբեջանը, շատ բնական է, որ միջնորդների կամ Ադրբեջանի կողմից նախաձեռնությունը միայն ու միայն կարող են լավացնել փաստաթուղթը ի օգուտ նրա: Ուստի անհրաժեշտ է, որ առաջին նախաձեռնողը լինի հայկական կողմը: Նախկինում հենց այդպես էլ եղել է:
Մենք Մադրիդյան սկզբունքները դիտարկել ենք փաթեթային տարբերակով։ Դրանք սկզբունքներ էին, որոնք հայկական կողմը կարող էր աշխատեցնել իր օգտին, եթե թիկունքում ունենայինք աճող տնտեսություն, արդիականացված բանակ, քաղաքական առողջ համակարգ և անվտանգության հարցերում համախմբված հասարակություն։ Ինքնին հասկանալի է, որ եթե այս ամենը չկա, կամ ունենք հետընթաց, ապա հակառակ կողմն ունենում է գայթակղություն՝ հարցը ռազմական տարբերակով իր օգտին լուծելու:
Բլումբերգի հրապարակած գրավոր հոդվածում նշվում է, որ նախագահը 2011թ. Կազանում համաձայնել էր Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ տարածքների վերադարձին՝ անորոշ ապագային թողնելով Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հստակեցման հարցը: Սա իսկապես անընդունելի է: Հայկական կողմը 1998-ից ի վեր, անկախ սեղանի վրա եղած փաստաթղթի բովանդակությունից, Ադրբեջանի և միջնորդների մոտ երբեք տպավորություն չի թողել, որ առանց Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հստակեցման՝ պատրաստ է նույնիսկ քննարկել որևէ տարածքի վերադարձ:
Այս հանգամանքը ևս առավել հրատապ է դարձնում բանակցությունների վերսկսումը: Ադրբեջանի նախաձեռնած չորսօրյա պատերազմից հետո էլ ավելի անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բերելու նոր հարթություն, որտեղ խնդիրը կլինի ոչ թե ինքնորոշման իրավունքի ամրագրումը, այլ արդեն 25 տարի գոյություն ունեցող ինքնորոշման փաստի ճանաչումը»: