ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՌԻՈՒՄ ԽՈԶԵՐԸ ՍԱՏԿՈՒՄ ԵՆ
Լոռու մարզի տարբեր համայնքներում վերջին 3 ամսվա ընթացքում խոզերի անկման դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Այս ժամանակահատվածում գրանցվել է խոզերի անկման 100 դեպք: Խոզերից վերցված նմուշների լաբորատոր ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ պատճառը պաստերելիոզ հիվանդությունն է: Հիմա էլ ահազանգում են Լորուտ համայնքից: Ոչ պաշտոնական տվյալներով, Լորուտում անկել է 30-ից 40 խոզ: Դեռեւս պատճառը  հստակ հայտնի չէ, եւ չկան պաշտոնական տվյալներ, բայց այն, որ խոզերը սատկում են ինչ-որ անհայտ հիվանդությունից, փաստում է Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյանը: Անկված խոզերից  վերցված փորձանմուշների հիման վրա արված փորձաքննությունից պարզվել է, որ   խոզերի սատկելու պատճառը աֆրիկյան ժանտախտը չէ, ինչպես որ նախապես ասվում էր: Այդուամենայնիվ, դեռեւս անհայտ է մնում հիվանդության անունը: «Դե խոզեր միշտ էլ սատկել են, դեռ կոմունիստների ժամանակներում էլ խոզերի անկում կար: Հիմա ժողովրդի մի մասն ասում ա՝ աֆրիկյան ա, մի մասն ասում ա՝ սովորական հիվանդություն ա»,- նշում է Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյանը: Համայնքում ավելի շատ հակված են մտածել, որ դա սովորական հիվանդություն է, եւ խուճապի մատնվել պետք  չէ:
1075 բնակիչ ունեցող Լորուտ համայնքում  հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, աֆրիկյան ժանտախտին էլ լավ ծանոթ են համայնքի բնակիչները: Խոզերի անկման դեպքում համապատասխան մասնագետների կողմից միշտ էլ տարվել են պրոֆիլակտիկ աշխատանքներ, գյուղացիներին էլ խորհուրդ է տրվել խոզերին պահել փակ տարածքներում: Սակայն դա էլ չի օգնել զերծ մնալ հիվանդությունից:  Վերջին տարիներին շատերը հենց աֆրիկյան ժանտախտի պատճառով դադարեցրին խոզաբուծությամբ զբաղվելը: Հիմա համայնքում նորից մեծացել է խոզ պահողների թիվը, ու,  եթե հիվանդությունը տարածվի, Լորուտը  դարձյալ մեծ վնասներ կկրի:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ԽԱՓԱՆՎԵԼ Է ԵՐԹՈՒՂԻՆ
Նախօրեին` ժամը 21.36-ին, Երեւան-Ապարան ավտոճանապարի 35-րդ կմ-ում` Կարբի գյուղի մոտակայքում, խափանվել է Երեւան-Մոսկվա երթուղին իրականացնող «Նոնա տուր» ընկերությանը պատկանող ավտոբուսը: Կատարվածից հետո դեպքի վայր է մեկնել նոր ուղեւորատար ավտոբուս: Եվ ժամը 23.13-ին «Նոնա տուր» ընկերության նոր ուղեւորատար ավտոբուսը մոտեցել է, եւ քաղաքացիները շարունակել են ընթացքը:

ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Երեկ Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսային 8 երթուղիների մրցույթը տեղի չի ունեցել: Տնտեսվարող կազմակերպությունները հայտեր չեն ներկայացրել: Ըստ Երեւան քաղաքի ներքաղաքային վերգետնյա տրանսպորտի երթուղային ցանցի դրույթների, ներկայում դեռեւս մրցույթ չեն անցել ավտոբուսային 22 եւ միկրոավտոբուսային 1 երթուղիներ: Բացի այդ, ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություններն այժմ ունեն մոտ 220 վարորդի կարիք:




Լրահոս