Տարիներ առաջ, եթե մայրաքաղաք էր ժամանում որեւէ թատերախումբ կամ հայտնի կատարող, ապա գրեթե ամեն անգամ հանդես էր գալիս նաեւ հանրապետության այլ քաղաքներում:
Օրինակ, եթե 70-80 ական թվականներին մայրաքաղաքից այլ քաղաքներ, մասնավորապես Կիրովական էին ժամանում Ալլա Պուգաչովան, Էմիլ Դիմիտրովը, Հելենա Վոնդրաչկովան, Լիլի Իվանովան, ինչպես նաեւ Ռուսաստանից ժամանած թատերախմբեր, ապա այսօր մշակութային կյանքը կենտրոնացած է բացառապես մայրաքաղաքում: Եվ Գյումրին ԱՊՀ մայրաքաղաք հռչակելն ու այնտեղ մի քանի ամսով մշակութային կյանքն ակտիվացնելը դժվար թե ինչ-որ բան փոխի մարզային ընդհանուր գորշ պատկերում: Տեղերում պետք է գործեն մշակութային օջախները, կատարեն նաեւ յուրահատուկ կրթադաստիարակչական դեր, բայց…
Ինչպես տեղեկանում ենք մամուլի հրապարակումներից, մինչեւ հիմա հստակեցված չէ մարզային թատրոնների կարգավիճակը, որոնք, գտնվելով մշակույթի նախարարության ենթակայության տակ, ըստ էության, որեւէ առնչություն չունեն մարզպետարանների հետ: Այդուհանդերձ, մարզպետարանները կոչված են համակարգելու այդ թատրոնների աշխատանքները, բայց չունեն պարտավորություններ մարզային թատրոնների նկատմամբ: Իհարկե, կան նաեւ բացառություններ, ինչպես, օրինակ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որի տնօրեն Հովիկ Չախմախչյանի խոսքով, թատրոն-մարզպետարան համագործակցությունն արդյունավետ է: Մասնավորապես, օգոստոսի 5-ից մինչեւ 15-ը անցկացվող մանկական ներկայացումների շաբաթը հենց այդ համագործակցության օրինակն է: Իսկ անցյալ տարի էլ՝ կրկին մարզպետարանի ծրագրով, թատրոնը հանդես է եկել Ստեփանակերտում, Մարտակերտում, Շուշիում… Ավելին, Աբելյանի անվան թատրոնը սեպտեմբերի վերջին պատրաստվում է հանդես գալ երեւանցի հանդիսատեսի առջեւ:
Մինչդեռ կան թատրոններ, որոնք միայն, այսպես ասած, թղթի վրա են, այսինքն, իրականում չեն գործում՝ չնայած ունեն շենք, դերասաններ: Այդ խնդրին կանդրադառնանք արդեն մեր առաջիկա համարներում:
ԵՐԵՎԱՆԱԿԵՆՏՐՈՆ ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ