ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է ՁԱԽՈՂԵՆ, ՈՐ ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ՆՐԱՆՑԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս երկուշաբթի ԵԽԽՎ-ում մեկնարկած գարնանային նստաշրջանում տեղի ունեցած քննարկումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանը դիվանագիտության ասպարեզում լրջագույն խնդիրներ ունի: Ենթադրվում էր, որ քառօրյա պատերազմից հետո ԵԽԽՎ-ում հայկական կողմը պետք է կարողանար միջազգային այդ հեղինակավոր կառույցի ամբիոնն օգտագործելով՝ աշխարհին ներկայացներ Ադրբեջանի գործողությունների հակամարդկային բնույթը: Սակայն ընդհանուր պատկերը, մեղմ ասած, ոչ մի լավ բան չի խոստանում: Բանն այն է, որ ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության անդամները փաստացի ադրբեջանական պատվիրակության հետ հավասար հարթությունում են գտնվում: Ինչը արդեն իսկ մեզ համար աննպաստ է, քանի որ այդ դեպքում Ադրբեջանն իր ֆինանսական ռեսուրսներով շահեկան պայմաններում է հայտնվում: Իհարկե, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության իշխանական անդամներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Արմեն Ռուստամյանը ամեն մեկն իրենց հերթին «շան լափ» են լցրել ադրբեջանցիների գլխին: Բայց ողջ խնդիրն այն է, որ դիվանագիտությունը դա միայն հաթաթաներ տալը կամ գոռգոռալ չէ: Արդեն որերորդ անգամ մենք համոզվում ենք, որ ԵԽԽՎ-ում ներկա պատվիրակությունը եւ հատկապես դրա իշխանական մասը, մեղմ ասած, ձախողվել է: Մարդիկ գնում, եվրոպացիների «պորտը տեղն են» դնում եւ հակահայկական հերթական բանաձեւը ձեռքներին՝ վերադառնում: Նրանք մարդկանց հետ անհատական աշխատանք չեն տանում: Այս անգամ էլ ԵԽԽՎ-ում բարձրացվել է հայկական պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը: Տեսնենք, թե այս գործընթացն ինչ ավարտ կունենա:

 

 

 
Ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ չերեւացող, բայց բուռն զարգացումներ են ընթանում: Ամենեւին էլ պատահական չէ, որ ռուսական ու ադրբեջանական մամուլը վերջին օրերին սկսել է գրել, թե իբր առաջիկա օրերին ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ակտիվ բանակցություններ են սկսվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ինչ ակտիվ բանակցությունների մասին է խոսքը, եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված եւ ռուսական կողմի մատնանշած ակտիվ բանակցությունների առնչությամբ պատրաստվում է կոչով դիմել Հայաստանի բնակչությանը` բացատրելով ստեղծված իրավիճակը: «Ես արդեն մեկնաբանություն տվել եմ այդ առնչությամբ: Ես այդ թեմայով մեր ասելիքն ասել եմ»,- պատասխանեց Հակոբյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների հետ ոչ մի կապ չունի:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ անցած ուրբաթ՝ 18:25-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ էր նետվել: Նախօրեին այդ գործով ձերբակալվեց Երեւանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, որն իրավապահներին խոստովանել էր, թե ինքն է նռնակը նետել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Հովաննես Մուրադյանի մտերիմները մեզ պատմեցին, որ տղամարդն առողջական խնդիրներ ունի եւ մինչ ձերբակալվելը անընդհատ խոսել է այն մասին, որ պաշտոնյաները ցանկանում են իրեն սպանել: Իսկ արդեն իրավապահներին տված ցուցմունքներում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, նա պատմել է, որ ինքը «գող» է եւ իր թիկունքին օրենքով գող Դեդ Հասանն է, նույն ինքը` Ասլան Ուսոյանը, որը 2013 թվականին սպանվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այն, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ, ի սկզբանե հասկանալի էր, բայց որ հանգուցյալների մատն էլ է խառը, դա արդեն նորություն էր:

 

 

 
Հրազդանում նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասով պարզվում է ոչ ոք բողոք-ասելիք չունի: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 18-ին՝ երեկոյան, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի մոտ հիսուն կողմնակիցները Դանիելյանի եղբոր` Արթուր Դանիելյանի եւ եղբորորդու` Արգամ Դանիելյանի եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի «նազիր-վեզիրը»՝ ոմն Սմբատի գլխավորությամբ, հարձակվել էին Սասուն Միքայելյանի թիմից հինգ հոգու վրա: Քանի որ Միքայելյանի՝ հարյուրից ավել կողմնակիցներ մոտակայքում էին եղել, շտապ դեպքի վայր էին հասել: Արդյունքում Դանիելյանի մերձավորները, այդ թվում նրա եղբայրն ու եղբոր որդին, դաստիարակչական մի շարք ապտակներ ստանալուց հետո մի կերպ կարողացել էին փախչել դեպքի վայրից` նույնիսկ իրենց ավտոմեքենաները փողոցում թողնելով: Երեկ հայտնի դարձավ, որ կողմերից ոչ մեկը տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությանը բողոք չի ներկայացրել: Ավելին՝ Արամ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս մեղմեց իրավիճակը` ասելով, թե. «Միջադեպ չի եղել, փոքր բան էր, հարթվել է»:

 

 

 
ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ
Աշխատանքային այցով Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Արցախի ՊԲ զորամասերից մեկում պարգեւատրելով պատերազմական գործողություններում արիություն զուցաբերած զինվորներին` ասել է.«Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը: Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ եւ ամենամարտունակ զինվորը: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչեւ վերջին փամփուշտը եւ լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաեւ հակառակորդի զինվորներին: Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում եւ ոչնչացնում է ուղղաթիռ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա: Դուք լավ եք կատարել եւ լավ եք կատարում ձեր պարտականությունները»: Իհարկե, մենք բոլորս ազգովի հպարտանում ենք մեր հերոսների գործած սխրանքներով, սակայն երկրի նախագահի խոսքը լսելիս դժվար է չտալ հետեւյալ հարցը. իսկ արդյոք Դուք, պարո՛ն Սարգսյան, եւ Ձեր թիմակիցները նույնքան լավ եք կատարել ձեր պարտականությունները:
Այս օրերին զոհված մեր հերոսների գերակշիռ մասը սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներից են: Այդ ինչու եւ ինչպես է ստացվել, որ առաջնագծում հայտնվել են գերազանցապես սոցիալապես անապահով ընտանիքների զավակները: Այս ցավոտ հարցին նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ ուշագրավ պատասխան է տվել: Նա նշել է, որ հիմնականում միջին եւ ապահով ընտանիքների զավակները բարձրագույն կրթություն են ստանում եւ հետագայում համալրում սերժանտական կազմը:
Մեր իշխանությունները սիրում են կրկնել, որ մենք քանակական առումով զիջելով մեր հակառակորդին՝ նրանից ուժեղ ենք մեր ոգով եւ մեր մտքով: Ոգու հարցում, որքան էլ անցած տարիներին այս իշխանության գործունեության արդյունքում հուսալքության գաղջ մթնոլորտ ձեւավորվեց, այնուամենայնիվ, մենք տեսանք, որ ունենք պանծալի զավակներ, որոնք իրենց հայրենիքը սիրում են ամեն ինչից առավել եւ ունեն այն մինչեւ վերջ պաշտպանելու անկոտրում ոգի: Բայց դրան զուգահեռ անցած տարիներին «գիտելիքահեն» հասարակություն կառուցող այս իշխանությունները, փաստորեն, որեւէ քայլ չեն արել, որպեսզի մեր երիտասարդների մտքի ուժը օգտագործվի: Ոչ միայն ՏՏ ոլորտում հայ մասնագետների առաջարկներն են տարբեր կուռուպցիայահոտ պատճառաբանություններով մերժվել մեր պաշտպանական գերատեսչության կողմից, այլեւ, փաստորեն, մենք համակերպվել ենք այն իրողության հետ, որ բարձրագույն կրթություն պետք է ստանան միայն սոցիալապես ապահով ընտանիքների երեխաները: Սա միանշանակ ցանկացած երկրի, առավել եւս Հայաստանի, դեպի պարտություն տանող ճանապարհ է, եւ այդ մասին պետք է լրջորեն մտածել, քանի դեռ ուշ չէ:




Լրահոս