ԵԽ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՆՄԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2013 թվականից ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակները բարձրաձայնեցին Սարսանգի ջրամբարից օգտվելու հարցը` բողոքելով, որ սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերը զրկված են ջրից:

Արդեն 2015 թվականից այդ հարցը հայտնվեց ԵԽԽՎ-ի օրակարգում` Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցի տեսքով: Այն կոչ է անում հայկական իշխանություններին դադարեցնել ջրային ռեսուրսների օգտագործումը որպես քաղաքական գործիք:
Օրերս ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը հանդես եկավ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան դատապարտող հայտարարություններով:
Իսկ արդեն երեկ հույն պատգամավոր Յոաննետա Կավադիան ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ իշխանություններին եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը դատապարտող փաստաթուղթ:
Խոսքը վերոնշյալ Սարսանգի ջրամբարի հետ կապված զեկույցի պատրաստման գործընթացի մասին է, որին, ըստ ներկայացված փաստաթղթի, հայկական կողմը չի ցանկացել մասնակցել:
Յոաննետա Կավադիայի ներկայացրած փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակությանը եւ ՀՀ իշխանություններին նշված թեմայով զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Վեհաժողովն այս պահվածքը համարում է անհամատեղելի անդամ պետության պարտավորությունների եւ հանձնառությունների հետ: Այնպես որ, Վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս եւ նմանատիպ պահվածքի դատապարտման առումով»:
ԵԽԽՎ-ում բարձրաձայնվել է հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցել է ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
-Պրն. Հովհաննիսյան, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը հանգեցրեց Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու առաջարկության շրջանառությանը:
-Ես մի բան կարող եմ վստահ ասել, որ Եվրոպայի խորհրդում ոչ ոք հիմար չէ, որ այս պահին խոսի Հայաստանի պատվիրակության կասեցման մասին: Կարծում եմ՝ դա չի լինի: Զեկույցին անձամբ ծանոթ չեմ, բայց կարող եմ ասել, որ ընդհանրապես ամբողջ քաղաքականության կոնցեպցիան այնպիսին է, որ նման հարց չի կարող դրված լինել: Եւ մինչեւ անգամ եթե դրված լինի, ապա ԵԽ-ն հարցին ընթացք չի տա, քանի որ նրանք բանական մարդիկ են եւ հասկանում են, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման այս բուռն գործընթացում, հատկապես երբ միջազգային հանրությունը զբաղված է այդ խնդրով, ԵԽ-ն չի կարող վերցնել եւ նման անհավասարակշիռ որոշում կայացնել:
-Իսկ արդյո՞ք նման զարգացումը մեր պատվիրակության թերի աշխատանքի մասին չի խոսում:
-Ես չեմ ուզում այդպես ասել, ի վերջո, ես էլ եմ այդ պատվիրակության մեջ եղել: Չեմ կարծում, որ պատվիրակության վատ աշխատելու պատճառով ենք ստացել այն, ինչ որ ունենք: Քաղաքականությունը գլոբալ զարգացումներ է ունենում, ինչպես հենց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ընդունումը: Այդ խնդիրը կրկին զարգացնելը ուղղակի ԵԽ-ի տենդենցիոզ մոտեցումն է Հայաստանի եւ հայ պատվիրակության նկատմամբ, ինչը ԵԽ-ին պատիվ չի բերում, դա այն ինստիտուտը չէ, որ փորձի հաշիվներ մաքրել Հայաստանի եւ հայկական պատվիրակության հետ: Հայաստանը Սարսանգի ջրամբարի հարցը բարձրացրել է դեռ 2000-ական թվականներից՝ ուղղակի բերելով մի պարզ պատճառաբանություն՝ մինչեւ կոնֆլիկտը չկարգավորվի, հարցին անդրադառնալ պետք չէ: ԵԽ-ն իրավունք չունի կոնկրետ այս սրացման պահին միակողմանի որոշում կայացնել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի վերաբերյալ:
-Չեք կարծո՞ւմ, որ, այնուամենայնիվ, կարիք կա փոխել հայկական պատվիրակության կազմը:
-Այս պահին պատվիրակության կազմի փոփոխությամբ առանձնապես ոչ մի բան չի փոխվի, նույնիսկ սխալ կլինի այժմ փոփոխություն կատարել, քանի որ դա կնշանակի, որ մենք ԵԽ-ի հետ գործարքի մեջ ենք մտնում:

 

 

 
«ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԻ»

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ղարաբաղա-ադրբեջանական պատերազմական գործողությունների շուրջ եվրոպացի պատգամավորների տեսակետները: Քառօրյա պատերազմի դրդապատճառների եւ հետեւանքների շուրջ այս անգամ զրուցել ենք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ, Եվրախորհրդարանի ֆինն պատգամավոր Հեյդի Հոթալանի հետ:

«Բռնության վերջին պոռթկումը, փաստացիորեն, ուշադրություն հրավիրեց սառեցված պատերազմին, որը երկար ժամանակ է՝ մոռացվել էր միջազգային հանրության կողմից: Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի մի մասն են, արդեն 30 տարի է՝ մնացել են նույն տեղում եւ ստվեր գցել Հյուսիսային Կովկասի վրա՝ տարածաշրջանում մարդկանց դարձնելով խոցելի եւ անորոշ»,- ընդգծում է ֆինն քաղաքական գործիչը:
ԵԽ պատգամավորի դիտարկմամբ` հակամարտությունը սրվեց ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի կողմից, որոնք փորձեցին հետեւել իրենց շահերին՝ անուղղակիորեն ազդելով կողմերի վրա:
«Ստատուս քվոն լուծում չէ: Նոր եւ համոզիչ ջանքեր են անհրաժեշտ բռնության այս շրջանակը կոտրելու համար, որը խելամիտ կարգավորման ճանապարհին խոչընդոտ է որեւէ առաջխաղացման համար: Եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը հենց սկզբից էր լիազորված՝ միջամտելու եւ համակարգելու բանակցությունները, պետք է ապացուցի իր արդյունավետությունը»:
Հեյդի Հոթալանի կարծիքով` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար պետք է դադարեցվի սպառազինությունների մրցավազքը:
«Սա դարձել է ամենառազմականացված տարածաշրջանը աշխարհում: Ռուսաստանը զենք է մատակարարում երկու կողմերին էլ: Երկու երկրների պաշտպանության բյուջեն շարունակում է աճել՝ չնայած տարածաշրջանում տնտեսական դժվարություններին: Սա պետք է ավարտվի, եւ այս իրավիճակում լավագույն տարբերակը շփման գծում ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի տեղակայումն է՝ ըստ այդմ, տարածքը ապառազմականացնելով եւ ծանր զրահատեխնիկան 15-30 կմ հեռացնելով»:
Պատգամավորի խոսքով՝ երկու կողմերն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է զարգացնեն եւ համաձայնեցնեն հետաքննության մեխանիզմները, որոնց միջոցով կդիտարկվեն հրադադարի խախտումները:
«Մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ստորագրեն եւ վավերացնեն Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, որը Հայաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել, իսկ Ադրբեջանը ընդհանրապես ոչ մի բան չի արել: Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ուղեկցվի վստահության հաստատմանն ուղղված արժանահավատ միջոցներով: Այս առնչությամբ երկու երկրների առաջնորդները պետք է դադարեցնեն անել ատելություն եւ զայրույթ սերմանող հայտարարություններ եւ վերսկսեն երկխոսություն բոլոր մակարդակներում: Ադրբեջանը պետք է հեռացնի բոլոր իրավական խոչընդոտները, որոնք արգելում են ադրբեջանական ՀԿ-ներին համագործակցել հայաստանյան ՀԿ-ների հետ: Իսկ ԵՄ-ն, վերջապես, պատասխանատվություն ստանձնի եւ ավելի արդյունավետորեն ներգրավվի կոնֆլիկտի լուծման հարցում՝ տարածաշրջանի բոլոր սառեցված կոնֆլիկտների հարցում որդեգրելով ավելի կայուն մոտեցում եւ խուսափելով երկակի ստանդարտներից»,- եզրափակեց ԵԽ պատգամավորը:

Նյութերը՝ ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

 

 
ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ պետական դեպարտամենտի 2015 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կա նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելու պատմությանը: «Սերժ Սարգսյանը, որը նաեւ իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն է, հրապարակավ սաստեց Գագիկ Ծառուկյանին, դա հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ, նրան հեռացրեց ազգային անվտանգության խորհրդից՝ պաշտոնյաներին հանձնարարելով ստուգել դժգոհությունները նախկինում նրա կատարած հանցագործությունների, հարկերից խուսափելու վերաբերյալ, եւ ակնարկեց, որ նա կարող է հեռացվել Ազգային ժողովից»,- գրված է զեկույցում: Քաղաքական կարծիքի ազատության ոտնահարման օրինակների շարքում պետքարտուղարությունը վկայակոչել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա տեղի ունեցած հարձակումը, որի հետեւանքով Արշակ Այվազյանը դատապարտվեց մեկ ամսվա ազատազրկման: Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի «հերոսությունները», այն է՝ աջ ու ձախ լրագրողներին եւ իրավապաշտպաններին սպառնալու պատմությունները եւս տեղ են գտել զեկույցում:

 

 

ՆՈՐ ՎԱՐԿԻ ԱՌԻԹ ԵՆ ԳՏԵԼ
ՀՀ կառավարությունը պատրաստվում է ճանապարհաշինարարության տակ նոր վարկեր վերցնել: Այս անգամ խոսքը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի մայրուղու մասին է: ՀՀ կառավարության՝ վաղը նախատեսված նիստում գործադիրը պատրաստվում է հավանություն տալ վերը նշված մայրուղու վերանորոգման ծրագրին: Ըստ այդմ, նախատեսվում է, որ մայրուղու երկայնքով գտնվող պետական եւ համայնքային հողամասերն այլեւս չպետք է օտարվեն կամ վարձակալության տրվեն: Նախագծին կից հիմնավորումից պարզ է դառնում, որ մայրուղու վերանորոգման նպատակով նախատեսվում է Եվրոպական ներդրումային եւ Ասիական զարգացման բանկերից վարկեր վերցնել: Սակայն վարկային գումարների չափը դեռեւս չի հրապարակվում:

 

 

ՎԱՐԱԿՆԵՐԸ ԹՎԵՐՈՎ
Այս տարվա միայն փետրվարին Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի 453 դեպք: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կենդանիներից տուժելու 195 դեպք: Իսկ աղիքային վարակներից Հայաստանում փետրվարին տուժել է 255 մարդ: Փետրվարին Հայաստանում արձանագրվել է նաեւ շնչառական օրգանների տուբերկուլյոզի 65 դեպք:




Լրահոս