Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ապրիլի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, երբ Սասուն Միքայելյանն իր թիմակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպել իրենց թաղամասի ռեստորանում` շնորհակալությունը հայտնելու, Արամ Դանիելյանի մի խումբ թիմակիցներ երեկույթից փողոց են հրավիրել Միքայելյանի մի քանի կողմնակիցների եւ վիճաբանություն սարքել: «Ժողովուրդ»-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուներից տեղի ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել:
Եվ այսպես՝ ապրիլի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբայրը` Արթուր Դանիելյանը, նրա որդին` Արգամը, ինչպես նաեւ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի «նազիր-վեզիրները», որոնց մեջ է եղել ոմն Սմբատ, զանգահարել են Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի թիմակիցներին եւ ասել, որ ուզում են հանդիպել՝ բան կա խոսելու: Այսպիսով՝ 5 երիտասարդներ որոշել են մի քանի րոպեով դուրս գալ խնջույքի վայրից` հանդիպելու Արամ Դանիելյանի թիմակիցների հետ, որպեսզի, ըստ էության, հասկանան, թե ինչ են ուզում իրենցից: Նրանք գնացել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս՝ զրուցելու իրենց հյուր եկած Դանիելյանի թիմակիցների հետ:
Ականատեսների պատմելով՝ Արամ Դանիելյանի թիմակիցները եղել են 10 մեքենայով, որոնց մեջ եղել են մոտ 40-ից 50 մարդ: Կարծես թե վերընտրված քաղաքապետի թիմակիցների կոկորդին ինչ-որ բան է մնացած եղել, եւ նրանք թիմ կազմած, հարբած վիճակում որոշել են «ռազբորկա» անել: Հաշվի առնելով քաղաքապետի թիմակիցների քանակը՝ կարելի է ենթադրել, որ վերջիններս Սասուն Միքայելյանի թիմակիցներին զրուցելու անվան տակ դուրս են հանել եւ դավադրություն կազնակերպել` որոշելով ծեծի ենթարկել նրանց:
Իսկ ինչն էր մնացել Արամ Դանիելյանի թիմակիցների կոկորդին, որ ստիպել էր նրանց հանդիպել Սասուն Միքայելյանի թիմակիցներին: Բանն այն է, որ ապրիլի 17-ին քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արամ Դանիելյանի թիմակիցների կողմից ընտրակաշառք բաժանածներին Սասուն Միքայելյանի թիմակիցները սրբապիղծ էին որակել: «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք. փող բաժանողներին բան եք ասո՞ւմ»,- բացականչել են Դանիելյանի թիմակիցները, որից հետո խոսակցությունն այնքան է թեժացել, որ տղաների միջեւ սկսվել է վիճաբանություն, եւ Դանիելյանի կողմնակիցները անակնկալ կերպով անցել են բռունցքների: Րոպեներ անց ռեստորանում հավաքված մարդիկ, իմանալով կատարվածի մասին, շտապել են դեպքի վայր եւ անցել ինքնապաշտպանության: Այդ ընթացքում Միքայելյանի՝ հարյուրից ավել կողմնակիցները մանրամասն «դաստիարակել» են հյուրերին ու իրենց վրա «մարդ բերողներին»:
Ականատեսների պատմելով՝ Արամ Դանիելյանի եղբայրն ու եղբորոդին, հասկանալով իրենց արածի լրջությունը, մազապուրծ փախել են դեպքի վայրից: Նրանք այնքան վախեցած են եղել, որ անգամ իրենց «Պրադո» մակնիշի մեքենան թողել են դեպքի վայրում:
Ինչպես հայտնեցին իրավապահ համակարգի մոտ կանգնած մեր աղբյուները` Արամ Դանիելյանը գիշերով, գինովցած գնացել է ոստիկանության Կոտայքի բաժին եւ խնդրել, որ իր եղբորը, եղբորորդուն ազատ արձակեն: Իսկ երբ իրավապահները հետաքրքրվել են նրանից, թե ովքեր են եղել միջադեպի մասնակիցները, Դանիելյանի եղբայրն ասել է, որ բողոք չունի ու ոչ մեկի չի ճանաչում:
Լուրեր կան, որ նրանց մի մասին տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ը բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանից փորձեց հետաքրքրվել, թե հիվանդանոց տեղափոխված տղաները ինչ աստիճան վնասվածքներ են ստացել, սակայն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Սահակյանը նշեց. «Ուրեմն ոչ մեկ հիվանդանոց չի տեղափոխվել, ոչ մի վնասվածք չի ստացել, ոչ մի միջադեպից մենք տեղյակ չենք»: Այնպիսի տպավորություն էր, որ նախապես պայմանավորված պատասխան էր փոխանցում տնօրենը:
ArmLur.am-ը փորձեց մանրամասներ իմանալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից` պարզելու, թե պաշտոնապես ինչ հանգուցալուծում է ունեցել միջադեպը, եղե՞լ են արդյոք բերման ենթարկվածներ, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը վիճաբանության մասնակիցներին տարել է ոստիկանության Հրազդանի բաժին: Այստեղ նրանցից որեւէ մեկը հաղորդում չի տվել: Նրանք բոլորը բաց են թողնվել: Ի դեպ, ոստիկանությունից հրաժարվեցին անուններ հրապարակել՝ պատճառաբանելով, որ բաժին տարվածներից որեւէ մեկը դեռ որեւէ կարգավիճակ չունի:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, հայտնեց. «Միջադեպ չի եղել, փոքր բան էր, հարթվել է»: Իսկ Սասուն Միքայելյանի շտաբից ընդհանրապես որեւէ մեկնաբանություն չցանկացան տալ կատարվածի մասին: Ասել է, թե նրանք բավարարված են դաստիարակչական աշխատանքներով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՌՆԱԿՆ ՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ
Ինչպես գիտենք՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, ուսումնական նռնակ էր նետվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Դեպքից երեք օր անց ձերբակալվեց Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանը: Վերջինս իրավապահներին խոստովանել էր, որ ինքն է կատարել այդ արարքը:
Իրավապահ համակարգին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնեցին, որ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Վերջին բուժումը նա ստացել է 2015 թվականին: Իսկ ինչու էր երիտասարդ տղան որոշել չպայթող նռնակ նետել Քոչարյանի տան ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը զրուցեց Հովաննես Մուրադյանի մտերիմների հետ` պարզելու այս հարցի պատասխանը: Մեզ պատմեցին, որ Հովհաննեսը առողջական խնդիրներ ունի եւ մինչ ձերբակալության օրը խոսել է այն մասին, որ պաշտոնյաները ցանկանում են իրեն սպանել. «Նա ասում էր, որ ինքը գող է, իսկ իր թիկունքին օրենքով գող Դեդ Հասանն է», նույն ինքը` Ասլան Ուսոյանը, որը 2013 թվականին սպանվել է Ռուսաստանի Դաշնությունում:
Հովհաննես Մուրադյանի մտերիմների խոսքով՝ վերջինս միշտ իր շրջապատում ասել է, որ իր հիվանդությունը առաջացել է բանակում: Նա ասել է, թե ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում իր հետ ծառայել է Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկը եւ ծեծել, ինչից հետո նա ձեռք է բերել իր հիվանդությունը: Տեղեկացանք նաեւ, որ նա նույնիսկ ցուցմունք է տվել, որտեղ պատմել է, որ Սերժ Սարգսյանին շատ է սիրում, նրա հետ մտերիմ է, իսկ մեր երկրի այսօրվա վիճակի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է:
Տեղեկացնենք, որ ըստ մեր աղբյուրների՝ երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե որտեղից է նա գտել ուսուցողական նռնակը, Հովհաննես Մուրադյանը պատասխանել է, որ այն իրենց տանն էր: Պարզվում է` Հովհաննես Մուրադյանի հայրը նախկինում աշխատել է գործարաններից մեկում, եւ նրանց տանը 80-ականների ուսումնական այդ նռնակը շատ վաղուց է եղել:
Տղայի մտերիմներից տեղեկացանք, որ նա ոչ թե տաքսու վարորդ է, այլ երբեմն իր հորից վերցնում է ընտանեկան մեքենան ու ասում, թե ցանկանում է վարել այն, սակայն, ըստ էության, որպես տաքսի է օգտագործել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հովհաննեսը դեպքի օրը, վերցնելով մեքենան, ասել է, թե գնում է ընկերներին տեսնելու, սակայն չպայթող սարքով պայթյուն է ծրագրել: Հարազատները կատարվածից շատ զարմացած են, նշում են, որ նա առողջական խնդիրներ ունի, եւ իրենք իրավապահներին են ներկայացրել երիտասարդի առողջական վիճակը հաստատող փաստաթղթերը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչությունում նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությունից պարզ կլինի` Հովաննես Մուրադյանը ունի առողջական խնդիր, թե ոչ:
Ի դեպ, իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուների փոխանցմամբ՝ այսօր միջնորդություն կներկայացվի, որպեսզի Հովհաննես Մուրադյանին տեղափոխեն հոգեբուժական կլինիկա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԻՄԵԼ Է
ՄԻՊ Արման Թաթոյանը ապրիլի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է գլխավոր դատախազություն՝ դրանք քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով: Արձանագրվել են Հրազդան քաղաքում ընտրական գործընթացի հետ կապված 14 հրապարակումներ, որոնք վերաբերում են ուրիշի փոխարեն քվեարկելուն, լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, ընտրողներին ուղղորդելուն, դիտորդի իրավունքները խոչընդոտելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ընտրակաշառք բաժանելուն) եւ այլն:
ԷԼԻ ԽԱԽՏԵԼ ԵՆ
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարեւելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը:
ԿՀԱՆՁՆԵՆ ՄԱՐՄԻՆԸ
Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, հայկական կողմին կհանձնի զոհված զինծառայողի մարմինը:
«Արմենպրես»-ին այդ մասին հայտնել է ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: Նա ասել է, որ չի կարող նշել` արդյո՞ք հանձնվողը ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է: «Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,- ասել է Քոչարյանը:
ԵԿԵԼ ԵՆ, Ի՞ՆՉ ԱՆԵՆ
2016թ. ապրիլի 18-ից 22-ը հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` շրջակա միջավայրի անվտանգության եւ հակաականային գուծունեության վարչության պետ Մաքսիմ Կոմիսարովի գլխավորությամբ: Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ պատվիրակության այցը ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն: