Ղարաբաղյան հակամարտության ապիրլյան սրացումը ցույց տվեց Հայաստանի հանդեպ Ռուսաստանի արտաքին քաղաքականության երկակի կեցվածքը: Տարիներ ի վեր հստակ ադրբեջանամետ դիրքորոշում դրսեւորելով` Ռուսաստանը որեւէ լուրջ բացասական արձագանք Հայաստանից չի ստացել: Այս անգամ, սակայն, համատարած ռուսահպատակությունը հարաբերականորեն սասանվեց, ինչի վկայությունն են իշխանության «փնթփնթոցները» ռուսական զենքի վաճառքի մասին: Այս ամենում առավել հատկանշական է, որ Ռուսաստանը չնահանջեց իր դիրքերից` հստակ հավասարության նշան դնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ` այդկերպ խախտելով իր դաշնակցային պարտականությունը:
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները համարվում են դաշնակցային: Սա ենթադրում է պետությունների միջեւ հարաբերությունների ամենաբարձր աստիճանը: Երկրների դաշնակցությունը նշանակում է, որ փոխադարձաբար ընդունելի են դառնում միմյանց արժեքները, շահերը եւ նպատակները: 1997թ. օգոստոսի 29-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրով երկու երկրները պարտավորվել են «համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները՝ խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար եւ ցուցաբերել միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով»:
Այս ամենը թղթի վրա է, սակայն պետք է հասկանալ, թե գործնականում որքանով է Ռուսաստանը կատարում իր դաշնակցային պարտավորությունը, այն է` վերացնել Հայաստանի խաղաղությանը սպառնացող ադրբեջանական վտանգը եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Հայաստանը, ի դեպ, ՄԱԿ-ում Ուկրաինայի դեմ արված քվեարկությամբ լիովին կատարել է իր պարտքը` հակազդելով Ռուսաստանի դեմ ագրեսիայի արշավին: Մինչդեռ Ռուսաստանը փաստացի զենք է վաճառում մի երկրի, որի ղեկավարությունն ամեն օր խոստանում է ծնկի բերել Հայաստանին եւ վերջինիս մարդկային ու տարածքային լրջագույն կորուստներ պատճառել: Շեշտելի է, որ Ադրբեջանը չի սահմանափակվել լոկ հայտարարությունների մակարդակով եւ դեռ 2014թ. օգոստոսից էր լուրջ ռազմական հարվածներ հասցնում անմիջականորեն Հայաստանի սահմաններին: Բացի այն, որ Ռուսաստանը անտարբեր էր իր դաշնակցին սպառնացող վտանգի հանդեպ, փաստացի այդ վտանգը հրահրել էր հենց ինքը` իր վաճառած զենքով: Այն դատարկախոսությունը, թե Ադրբեջանը կարող է զենք գնել այլ երկրներից, քննադատության չի դիմանում: Քանզի նախ` Ադրբեջանի խնդիրն է, թե որտեղից զենք կգնի, եւ ապա` Ռուսաստանը, պարտավորվելով քայլեր ձեռնարկել Հայաստանի խաղաղությանը սպառնացող վտանգի դեմ, զենք վաճառելով` ինքնաբերաբար հարուցում է այդ վտանգը: Ցավոք սրտի, այսօր Հայաստանի իշխանությունը համարձակություն չունի Մեծ պայմանագրի 3-րդ հոդվածի խախտման փաստը ռուսների առաջ դնելու դրանից բխող չարանենգ հետեւանքներով:
Իսկ, ահա, Ադրբեջանի հետ Ռուսաստանը գտնվում է ոչ թե դաշնակցային, այլ գործընկերային հարաբերությունների մեջ: Ռուսաստանը քանիցս Ադրբեջանի հետ հարաբերությունները որակել է գործընկերային` այդ մակարդակի իջեցնելով նաեւ հայ-ռուսական հարաբերությունները: Այս դեպքում Ռուսաստանը հարկադրված է կա՛մ 1997-ի պես մի պայմանագիր Ադրբեջանի հետ կնքել, կա՛մ էլ չեղարկել Հայաստանի հետ կնքածը: Խնդիրն այն է, որ գործընկերային հարաբերությունները ոչ մի դեպքում չեն կարող նույնականացվել դաշնակցային հարաբերությունների հետ: Միջազգային ասպարեզում գործընկեր պետությունները աշխատում են կոնկրետ ուղղությամբ եւ այն հարթության վրա, որտեղ միմյանց շահերը փոխադարձ են: Ըստ էության, եթե դաշնակիցները հանդես են գալիս միմյանց արժեքների պաշտպանությամբ, ապա գործընկերները հարգում են միմյանց շահերը միայն կոնկրետ տիրույթում:
Հավանաբար հայաստանյան արժեզրկված քաղաքական համակարգի պայմաններում իշխանությունները չեն հասկանում մի կողմից` արժեքային ներդաշնակության ու համագործակցության եւ մյուս կողմից` շահադիտական գործընկերության տարբերությունները: Թեեւ իշխանության հասնելու համար արդեն 15-20 տարի է, ինչ այլեւս խելք պետք չէ, բայց միջազգային հարաբերություններում իմաստությունն ու գիտելիքը, այդուհանդերձ, կենսական են: Արդ, Ռուսաստանը 1997-ի պայմանագրով հստակ պատասխանատվություն է ստանձնել, բայց նրան այդ մասին հիշեցնող իշխանություն Հայաստանում գոյություն չունի: Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանի արած պնդումը, թե Ռուսաստանի նախագահի հետ խոսելը հեշտ չէ, հստակորեն դրսեւորվեց 4-օրյա պատերազմի օրերին: Իսկ Ռուսաստանի նախագահի հետ խոսելը բնավ էլ դժվար չէ, երբ թիկունքիդ կանգնած է ոչ թե օլիգարխիան, այլ ողջ ժողովուրդը: Հայ-ռուսական հարաբերությունների անկումը եւ այս աստիճան բարոյական դեգրադացիան ուղիղ համեմատական են Հայաստանում իշխանության լեգիտիմության բացակայության խնդրին: Որքան էլ Սերժ Սարգսյանն աշխարհի տարբեր անկյուններից բողոքի Ռուսաստանի քաղաքականությունից, հանդիպելու է բացառապես ռուսների արհամարհանքին: Միջպետական հարաբերություններում հաջողության գրավականը հստակ թիրախ ընտրելն ու արհեստավարժ թիմով դրա լուծմանը հասնելն է: Եթե Հայաստանը ցանկանում է, որ Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին կամ առնվազն նույն որակի զինատեսակներ տրամադրի նաեւ մեզ, ապա այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ են նվիրված ու խելացի մասնագետներ: Իսկ վերջիններս կարող են նշանակվել միայն այնպիսի նախագահի կողմից, որին ընտրել է ժողովուրդը: Փակ շղթա է, որի տեղապտույտում էլ դոփում ենք ավելի քան 20 տարի:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՆ Է ՎՃԱՐՈՒՄ ԻՐ ԳՐՊԱՆԻՑ
«Ժողովուրդ»-ը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչներից տեղեկացավ, որ իրենք սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները չեն վճարում: Նրանց փոխարեն այն վճարում են ե՛ւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր անձնական միջոցներով:
Բարեկամավան գյուղի ՀԷՑ-ի աշխատակից Ջոնիկ Միրզոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ երեք տարուց ավել է, ինչ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գյուղացիների կողմից սպառված էլեկտրաէներգիայի վարձերն է վճարում: «Եթե բաժանորդը ամսական 120 ԿՎ էլէներգիա է սպառում, նա պետք է վճարի դրա 50 տոկոսը, որն էլ հենց նախարարն է վճարում, մյուս 50-ը ՀՀ Կառավարությունն է զեղչել: Բաժանորդի սպառած էլեկտրաէներգիայի վարձի մի մասը վճարում է նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Եթե բնակչի կողմից սպառված էլէներգիայի վարձավճարը անցնում է 250 ԿՎ-ը, ապա այդ լրացուցիչ մասն էլ է վճարում Օհանյանը»,- ներկայացրեց բարեկամավանցի Ջոնիկը:
Տեղեկացնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում մի որոշում է կայացնելու, որը վերաբերում է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղին: Ըստ այդ որոշման՝ Բարեկամավան գյուղի գուղապետարանին պատկանող տարածքի սպառման համակարգը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական ցանցին եռակողմ կնքված պայմանագրով կմիացվի: Նշենք, որ ՀԾԿՀ-ն այս որոշումն ընդունելիս հաշվի է առնելու այս տարվա մարտի 14-ին ՀԷՑ-ի, ՀԷՑ-ի «Աղստեւ» մասնաճյուղի, Բարեկամավանի գյուղապետարանի եւ «Ագաթ-777» ՍՊԸ-ի կողմից կազմված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման եռակողմ պայմանագիրը:
Տեղեկացնենք, որ էլեկտրական ցանցին միացման վճարը հաշվարկվում է՝ համաձայն հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» որոշմամբ: Ի դեպ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա կայացրած որոշումը չի ազդելու բնակիչների կողմից սպառված էլեկտրաէներգիայի վարձավճարների զեղչերի վրա: Սակայն չի բացառվում, որ ՀԾԿՀ-ի այս որոշման արդյունքում գյուղի էլեկտրիկը գործազուրկ դառնա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՍԻՐԱՀԱՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976 թվականի ծնված Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. օգոստոսին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Մեհրաբ հանդամասում վայրի աճած թփերից, առանց իրացնելու նպատակի, հավաքել է 86.11 գրամ կշռով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ այն ապօրինի պահել Այգեձոր գյուղում գտնվող իր առանձնատանը:
Այնուհետեւ 2015 թվականի հոկտեմբերին նույն զանգվածից ապօրինի իրացրել է` իր առանձնատան բակում հյուրասիրելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Արամ եւ Կարեն Ճաղարյաններին: Գագիկ Գրիգորյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր՝ խորհրդակցելով պաշտպանի հետ: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, ինչպես նաեւ հաշվի է առել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, վատառողջ է. 2015 թվականին նրա մոտ ախտորոշվել են սինուսային տախիառիթմիա, նեւրասթենիա, հեմոռագիկ էնտերոկոլիտ հիվանդություններ, ընդունում է մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարած արարքի համար, բացի այդ՝ աջակցել է հանցագործության բացահայտմանն ու կամովի ներկայացրել ապօրինի ձեռք բերված թմրանյութը:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գ. Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով էլ դատապարտել ազատազրկման 3 ամիս ժամկետով: Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, նրան վերջնականապես դատապարտել ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ