ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած անշարժ գույքի շուկայում վերջին տարիներին արձանագրվող սահուն գնանկմանը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները հակառակ պատկեր են ներկայացնում: Ըստ ԱՎԾ-ի՝ ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ քաղաքներում բնակարանների 1 քառակուսի մետրը այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Այս տարի կնքվել է 13 հազար 333 գործարք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 12 հազար 49:
Դիտարկենք, թե ՀՀ որ մարզերում ինչպիսին է եղել անշարժ գույքի շուկայի ակտիվությունը: Օրինակ` ՀՀ Վայոց Ձորի մարզում այս տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 2.5 տոկոս, Արագածոտնի մարզում՝ 5.4 տոկոս, Սյունիքի մարզում՝ 6 տոկոս, Տավուշում՝ 4.4 տոկոս, Գեղարքունիքում՝ 7.4 տոկոս, Կոտայքում՝ 10.1 տոկոս, իսկ Երեւանում՝ 34.9 տոկոս: Նկատենք, որ իրականացված գործարքներից 5.2 տոկոսը վերաբերել են վարձակալությանը, 29.2 տոկոսը՝ վաճառքին, 13.1 տոկոսը՝ ժառանգությանը, իսկ 11 տոկոսը՝ գրավադրմանը: Ի դեպ, նշենք, որ 2016 թվականի հունվարին կնքված գործարքների միայն 5.6 տոկոսն է վերաբերել գրավադրմանը: Այսինքն՝ այս տարվա փետրվարին գրավադրումը կրկնակի ավելացել է:
Ըստ ԱՎԾ-ի՝ Երեւանում բնակարանների շուկայական միջին գները բարձրացել են: Օրինակ՝ բնակարանների 1 քմ մակերեսի գինը Կենտրոն վարչական շրջանում կազմել է 428 հազար դրամ: Այս գինը մայրաքաղաք Երեւանում ամենաթանկն է: Կենտրոն վարչական շրջանին հաջորդում է Արաբկիրը, որտեղ բնակարանի 1 քմ-ի շուկայական գինը այս տարվա փետրվարին կազմել է 356 հազար 900 դրամ: Ամենացածր գինը Նուբարաշենում է, որտեղ այս տարվա փետրվարին բնակարանի 1 քմ-ն կազմել է 157 հազար 150 դրամ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանի 1 քմ-ի գինը այս տարվա փետրվարին կազմել է 243 հազար 850 դրամ: Այն այս տարվա հունվարի համեմատ 100 դրամով է բարձրացել, իսկ անցած տարվա փետրվարի համեմատ՝ 850 դրամով: Նույն իրավիճակն է նաեւ Աջափնյակ վարչական շրջանում, Դավթաշենում, Շենգավիթում, Էրեբունիում, Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում եւ Արաբկիրում: Այստեղ եւս 1քմ-ի գինը բարձրացել է 100 դրամից մինչեւ 1500 դրամով: Ուշագրավ է, որ միայն Կենտրոն վարչական շրջանում է, որ 2016 թվականի փետրվարին գները պահպանվել են ե՛ւ այս տարվա հունվարի, ե՛ւ անցած տարվա փետրվարի համեմատ:
ՀՀ քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները նույնպես բարձրացել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակարանի 1 քմ-ն այս տարվա փետրվարին կազմել է 116 հազար 50 դրամ: Այն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 դրամով է թանկացել: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակարանի 1 քմ-ն այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1000 դրամով է բարձրացել՝ կազմելով 98 հազար 600 դրամ: Իսկ Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, բնակարանների 1 քմ-ն այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 100 դրամով է թանկացել` կազմելով 154 հազար 200 դրամ:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակարանների գները պահպանվել են՝ 1 քմ-ն՝ 107 հազար 700 դրամ: Բայց նույն մարզի Գավառ քաղաքում դրանք թանկացել են. անցած տարվա փետրվարին գրանցված 60 հազար դրամից դարձել են 60 հազար 400 դրամ: Իսկ ահա Վարդենիսում բնակարանի 1 քմ-ն այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 350 դրամով է բարձրացել: Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Ախթալա եւ Տաշիր քաղաքներում դրանք նույնպես թանկացել են: Բայց նույն մարզի Շամլուղ եւ Թումանյան քաղաքներում գները պահպանվել են համապատասխանաբար 8 հազար եւ 11 հազար դրամ:
Նույն իրավիճակն է նաեւ Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում: Օրինակ՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակարանի 1 քմ-ն 1600 դրամով թանկացել է՝ կազմելով 115 300 դրամ: Իսկ Նոյեմբերյանում թանկացումը կազմել է 450 դրամ. բնակարանի 1 քմ-ն այստեղ արժի 50 հազար 300 դրամ:
Ուշագրավ է, որ մայրաքաղաք Երեւանում բնակելի տների շուկայական գները այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մնացել են անփոփոխ: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակելի տան 1 քմ-ն կազմել է 476 հազար 100 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 295 հազար դրամ: Ի դեպ, ՀՀ մարզերում բնակելի տան 1 քմ-ի համար սահմանված գները նույնպես մնացել են անփոփոխ: Միայն Սեւանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գյումրիում, Արթիկում, Կապանում, Վայքում, Եղեգնաձորում եւ Դիլիջանում են դրանց գները բարձրացել:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Երեւանում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկի հետ, որտեղ լսելով ԱՎԾ-ի տվյալները՝ զարմացան: «Ինչի՞ հաշվին են դրանք թանկացել: Հակառակը՝ դրանք էժանացել են»,- փոխանցեցին անշարժ գույքի գործակալությունից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԿՓԱԿՎԻ՞
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցամբ` ՌԴ նախագահն իր ամերիկացի գործընկերոջը հայտնել է թուրք-սիրիական սահմանը փակելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է զինել ծայրահեղականներին:
«Երկու երկրների առաջնորդները մանրամասն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հաստատելով երկրում հրադադարի ռեժիմն ամրապնդելու՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատրաստակամությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կրեմլի մամուլի ծառայությունում հայտնում են, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեղադրել էր Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ:

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, որի հետեւանքով շուրջ 20 մարդ զոհվել է, մոտ 200 հոգի էլ` վիրավորվել: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պայթել է ականապատ մեքենան:
Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը: Պայթյունի վայրում են գտնվում նաեւ երկրի ֆինանսների եւ պաշտպանության նախարարությունները, ինչպես նաեւ Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը: Հաղորդվում է, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է աֆղանական «Թալիբան» շարժումը:

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, առնվազն 413 մարդ է զոհվել, ավելի քան 2 հազար մարդ` վիրավորվել: Անհետ կորած է համարվում 320 մարդ:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի երեկոյան Էկվադորում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը Մուիսնե բնակավայրից 28 կմ դեպի հարավ-արեւելք էր, օջախը՝ 20,2 կմ խորության վրա:

 
«ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ»
Երեկ տեղի է ունեցել երթ` ի պաշտպանություն գործարար Լեւոն Հայրապետյանի: Հանրապետության հրապարակից «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պահանջով մեկնարկած երթը ուղղվել է դեպի Հայաստանի արտաքին գործերի նախարարություն եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Լեւոն Հայրապետյանին եւ փոխել նրա խափանման միջոցը: Երթի մասնակիցները նամակներ են հանձնել ՀՀ ԱԳՆ-ին եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լեւոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Դատարանը Լեւոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ: Հետաքննության վարկածով Հայրապետյանը՝ փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ, Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու խոստումով:
Հայրապետյանի հարազատները, ինչպես նաեւ նրա փաստաբանը հայտարարել են, որ հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լեւոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող է սպառնալ նրա կյանքին:
Երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ եւ 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

 

 

ԿԽՈՒՍԱՓԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԻՑ
Հայաստանի եւ Վրաստանի 6 քաղաքացիները, որոնք ձերբակալվել էին Թբիլիսիում «ուրան-238» ռադիոակտիվ նյութ վաճառելու փորձի համար, կարող են խուսափել ազատազրկումից: Այս մասին հայտարարել է ձերբակալվածներից մեկի փաստաբանը: «Sputnik Գրուզիա»-ի փոխանցմամբ` հանցագործության մասնակիցներից մեկի բնակարանից «ուրան-238» միջուկային նյութով տրանսպորտային բեռնարկղ է առգրավվել: Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալվածները թոշակառուներ են: «Ներկա փուլում ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում: Բոլոր ձերբակալվածները թոշակառուներ են, եւ չեմ կարծում, որ նրանց ազատազրկումը բխում է կառավարության շահերից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է վերջիններիս վրացի փաստաբանը:




Լրահոս