ՀԱՐՑ. Բարեկամուհիս 2006թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում: Ինձ տվել է լիազորագիր բոլոր իրավունքներով, որպեսզի կարողանամ իր տունը վաճառեմ, թոշակը ստանամ, մուծում կատարեմ: Տունը վաճառել եմ, բոլոր մուծումներն արված են, բայց թոշակը չեմ կարողանում ստանալ: Պատճառաբանում են, որ լիազորագիրը պետք է լինի առանձին թղթի վրա՝ առանձին տրված՝ հատուկ թոշակի համար: Հիմա լիազորագրի ժամկետը լրացել է, եւ ես ուզում եմ ձեռք բերել լիազորագիր միայն թոշակի համար: Խնդրում եմ ասեք՝ արդյոք խոչընդոտներ չե՞ն լինի: Եվ հնարավո՞ր է վերականգնել այդքան տարիների չստացած թոշակը:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կենuաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում, իսկ 4-րդ մասի համաձայն՝ կենuաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Նույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող կենսաթոշակառուին 5 տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում, իսկ 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, եւ կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեում: Օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:
Ելնելով վերոգրյալից՝ Ձեր բարեկամուհու կենսաթոշակի չվճարված գումարը Ձեզ լիազորագրով վճարվել չի կարող:
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, այդ ինչ սկզբունքով է տրամադրվում «չարաբաստիկ» լիազորագիրը, որ մարդիկ չեն կարողանում անգամ այն տրամադրելով իրենց կողմից լիազորված անձին՝ ստանալու պետությունից իրենց հասանելիք թոշակը: