ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է 21 համարի երթուղային տաքսու մեջ
Հավանաբար այս երթուղայինի վարորդը շատ բարի անձնավորություն է, որ որոշել է թույլ տալ հղի կանանց անվճար երթեւեկել: Ափսոս, նման երեւույթները վարակիչ չեն հայրենի իշխանությունների համար:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ մարզերում մանկավարժական կադրերի նպատակային ընդունելության նախապատրաստական աշխատանքները ի՞նչ կարգով են կազմակերպվում:
Ելենա Մնացականյան (32 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մանկավարժական կադրերի նպատակային ընդունելության նախապատրաստական աշխատանքները մարզերում կազմակերպում են.
ա. Դպրոցի տնօրենը՝
ՀՀ մարզպետին է ներկայացնում պահանջվող առարկայի մասնագիտական անվանական հայտը հիմնավորմամբ: Հայտում նշված պետք է լինի անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելը եւ ավարտած դպրոցը՝ հայտը ներկայացնող դպրոցի կնիքով հաստատված: Տվյալ մարզի այլ համայնքի բնակչի համար դպրոցի տնօրենը բացառության կարգով կարող է միայն օտար լեզվի հայտ ներկայացնել՝ դպրոցում որեւէ օտար լեզու չուսումնասիրելու պատճառը մասնագետի բացակայության հիմնավորմամբ:
բ. Համայնքի ղեկավարը՝
Հաստատում է դպրոցի տնօրենի կողմից ներկայացված հայտում նշված անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելու իսկությունը՝ իր ստորագրությամբ եւ կնիքով:
գ. ՀՀ մարզպետները՝
Հավաքագրում, ամփոփում են մարզի համայնքներից ստացված հայտերը, ուսումնասիրում հիմնավորումները, վերահաստատում եւ մարզի նպատակային ընդունելության դիմորդների անվանացանկը ներկայացնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ մինչեւ 2005 հուլիսի 5-ը (անվանացանկին պետք է կցված լինեն դպրոցների տնօրենների հայտերի բնօրինակները):
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն: Կես դրույքով պաշտոնավարող եւ համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե հաշմանդամություն ունեցող անձինք ի՞նչ թոշակ կարող են ստանալ: Խնդրում եմ կոնկրետ նշել դրանց տեսակները:
Ժաննա Սեդոյան (63 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ժ. Սեդոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում են կենսաթոշակի հետեւյալ տեսակները.
1. աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի.
2. զինվորական՝ երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում.
3. սոցիալական՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում:
«Հատուկ կարիքներով մարդկանց» աջակցության կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ hաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից: Կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: