ԳԵՆԵՐԱԼԻ ՀԱՄԱՐ ՇՈՈՒՆԵՐ ԵՆ ԲԵՄԱԴՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմի օրերին եւ հետո բազմաթիվ երեւույթներ ի հայտ եկան, որոնք այլ՝ խաղաղ պայմաններում, թերեւս, այդպես էլ չդրսեւորվեին: Մասնավորապես, պարզվեց, որ բուն պատերազմից հետո սուր ճոճողների պակաս մենք չունենք: Սակայն իրադարձությունները հաճախ դուրս են մարդկային երեւակայությունից: Օրինակ՝ նախօրեին համացանցում մի հրապարակում տարածվեց այն մասին, թե իբր գեներալ Մանվել Գրիգորյանի զորքը ջախջախել է թշնամուն եւ անգամ մեկ տանկ ոչնչացրել: Բայց իրականում պարզվում է՝ մարդիկ իրենց համար մարտ են բեմականացրել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ գեներալ Մանվելի «զորքի» երկու ներկայացուցիչներ, որոնց Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, «հերոսության» համար մի քանի համբույր էր նվիրել, իրականում հրթիռով խոցել են քառօրյա պատերազմից հետո չեզոք գոտում մնացած, շարքից դուրս եկած մի տանկ: Բայց այս պատմությունը մատուցվեց իբրեւ թշնամուն «ջախջախելու» թարմ օրինակ: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը հայտնեց, թե իր տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ-ն հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ «ոչնչացված» տանկը եղել է անսարք, շարքից դուրս եկած, որը գտնվել է չեզոք գոտում:

 

 
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԼՂՀ խնդրի շուրջ մեկ շաբաթ Եվրախորհրդարանում ծավալված բանավեճը վերջին 6-7 տարիների կտրվածքով եղել է աննախադեպ: «Ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկավ հայտարարությամբ, զանգեց երկու երկրների արտգործնախարարներին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը անընդմեջ կապի մեջ էր երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվրախորհրդարանի բանավեճը առաջինն էր իր տեսակի մեջ վերջին 7-6 տարիների ընթացքում, ինչը շատ կարեւոր էր եւ նշանակում էր, որ կոնֆլիկտը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ԵՄ կայունության համար: Այդ իսկ պատճառով համաձայն չեմ, որ ԵՄ լռում էր կամ չէր ցուցաբերում հետաքրքրվածություն այս հարցում: Վերջին տարիներին ԵՄ-ն արել է այն ամենը, ինչ կարող է՝ ռազմական տարբերակը բացառելու եւ երկրներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար»,-ասաց դիվանագետը:

 

 

 
Հայաստանի պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին եռամսյակի նախնական արդյունքներով 5,5 տոկոս տնտեսական աճ են արձանագրել: Իհարկե, այդ տվյալն հենց այդպես իբրեւ տնտեսական աճ չի ներկայացվում: Ինչպես հայտնի է՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներից սկսած «տնտեսական աճ» տերմինը պաշտոնապես վերացվեց եւ փոխարենը ներդրվեց «տնտեսական ակտիվության ցուցանիշ», որի հաշվարկման մեթոդները միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի: Արդյունքում, Հայաստանի տնտեսությունն ուզում է փլվի էլ, միեւնույն է՝ պաշտոնյաները կարողանում են «աճ» գրել: Պարզապես, աճում-աճում են, բայց այդպես էլ ոչինչ չի փոխվում, մարդիկ շարունակում են աղքատանալ: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ առեւտրաշրջանառությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է մոտ 5 միլիարդ դրամով: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչությունը վերջին մեկ տարում առնվազն 5 միլիարդ դրամի չափով աղքատացել է:

 

 

 
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան գլխավոր մուտքի պահակակետի ուղղությամբ ապրիլի 15-ին ուսումնական նռնակ նետելու կասկածանքով ձերբակալված 32 ամյա Հովհաննես Մուրադյանը Ավանի հոգեբուժարանում հաշվառված է եղել եւ անցած տարի նաեւ բուժում է ստացել: Մյուս կողմից հայտնի է, որ երիտասարդը հիմնական մասնագիտություն չի ունեցել եւ տաքսի վարելով գումար է վաստակել: Այս դեպքում էլ տարօրինակ է այն փաստը, որ Հովհաննես Մուրադյանին վարորդական վկայական է տրվել: Ձերբակալված երիտասարդի հայրը` Սերգեյ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իր որդին վարորդական վկայականը ստացել է 2004 թվականին: Իսկ հիվանդացել է դրանից 6 տարի անց: Վարորդական վկայականները սովորաբար տրվում են 10 տարով, ժամկետի լրանալուց հետո նորն է հանվում: Ուստի, հարց է ծագում, ինչպես է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը Մուրադյանին նոր վկայական տվել, կամ էլ ինչպես է նա ավտոմեքենան երկու տարի ժամկետանց վկայականով վարել: Հետաքրքիր է՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանը «ասֆալտից գումար» հավաքելուց բացի ժամանակ ունենո՞ւմ է զբաղվել այսպիսի կարեւորագույն խնդիրներով: Հոգեկան հիվանդը վարորդ է աշխատել, այն էլ տաքսու:

 

 

 
ՄՏԱՀՈԳԻՉ
Այսօր Հայաստան է ժամանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման օրակարգով: Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմի մեկնարկից հետո Լավրովը նախ՝ այցելեց Բաքու, որտեղ խոսք գնաց Ռուսաստանի առաջարկած կարգավորման տարբերակի մասին, ապա՝ ապրիլի 8-ին, Մոսկվա «կանչվեց» Է. Նալբանդյանը` տեղեկացվելու Բաքվի կողմից առաջադրվող պահանջներին, մտածելու դրանց շուրջ: Այդ ընթացքում Ս. Սարգսյանը երկրի ներսում մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցավ, մի ամբողջ օր անցկացրեց ՊՆ-ում, դրանից ժամեր անց հրավիրեց ԱԱԽ նիստ, իսկ նախօրեին էլ մեկնեց Արցախ, որտեղ շատ լուրջ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ հրամկազմի հետ: Այս ամենը խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները Նալբանդյանի մոսկովյան այցից հետո փորձում էին հաշվարկել հնարավոր բոլոր սցենարները եւ հասկանալ, թե Հայաստանն ու Արցախը հակազդեցության ինչպիսի ռեսուրս կարող են ունենալ մեզ համար անցանկալի, ծայրահեղ սցենարների պարտադրման դեպքում:
Եվ հիմա Լավրովը գալիս է Երեւան` լսելու ՀՀ իշխանությունների պատասխանը: Դա արվում է ադրբեջանա-ռուսական ինֆորմացիոն բավականին հզոր գրոհի պայմաններում, երբ ռուսական ազդեցիկ լրատվամիջոցները, երկրորդելով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, մեկը մյուսի հետեւից ծավալուն հոդվածներ են գրում այն մասին, որ առաջիկա օրերին Պուտինի նախաձեռնությամբ սկսվելու է բանակցային նոր, ինտենսիվ փուլ, որի արդյունքում Պուտինը կողմերին «համոզելու է գնալ ցավոտ փոխզիջումների», որն ավելի շուտ պարտադրանք է: Ուշագրավ է, որ սրանից հետո հայկական կողմից արդեն խոսվում է ոչ թե Մադրիդյան փաստաթղթի մասին, այլ ասվում է, որ Հայաստանը կողմ է «կազանյան փաստաթղթի» շուրջ բանակցություններին, որի մասին հանրությունն ավելի քիչ է տեղեկացված:
Մի բան, համենայն դեպս, որեւէ մակարդակում չի հերքվում. տարածքների վերադարձը, որն առկա է բանակցված բոլոր փաստաթղթերում: Ըստ ամենայնի, Ռուսաստանը Հայաստանին «համոզելու» է նախ եւ առաջ` ազատագրված շրջաններից առնվազն մեկ-երկուսը վերադարձնել` լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու եւ Ադրբեջանին իրական բանակցային դաշտ վերադարձնելու համար, իսկ մեզ համար` ոչնչի դիմաց:
Եվ այս իրավիճակում այն հույսերը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները` Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, թույլ չեն տա ՌԴ-ին դոմինանտ դերակատարություն ստանձնել, կարող են անհիմն լինել, քանի որ նախ` Երեւան այցից առաջ ռուսական կողմը` ի դեմս Լավրովի, այս հարցն արդեն իսկ քննարկել է թե՛ ԱՄՆ պետքարտուղար Քերիի, թե՛ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ: Եվ ապա` եթե ռուսական կողմը «համոզի» ՀՀ-ին գնալ շոշափելի զիջման, հնարավոր է՝ որեւէ երկիր չընդդիմանա` փորձելով Ադրբեջանից կորզել սեփական օգուտները:




Լրահոս