Ինչ վիճակ է Մարտակերտում և Մատաղիսում գիշերվա հրետակոծությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին Մարտակերտ քաղաքի ուղղությամբ թշնամին հրետակոծությունը սկսել է երեկոյան ժամը 22-00-ին և ինտենսիվ կերպով այն շարունակվել է մինչև 24-00-ն:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը և հավելել, որ առավոտյան ճարտարապետի հետ միասին արդեն հասցրել է շրջայց կատարել և արձանագրել հետևանքները:

«Ցավոք սրտի կրկին կան ավերածություններ: Անցած գիշեր տեղի ունեցած հրետակոծությունից Մարտակերտում ավելի քան 20 տուն է վնասվել: Այս պահին քաղաքի ճարտարապետի հետ ճշտում ենք վնասների չափերը»,- ասաց Մարտակերտի քաղաքապետն՝ ավելացնելով, որ այս պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է:

Ներքին Հոռաթաղի դպրոցի տնօրեն Մելանյա Դավթյանի խոսքով, նույն ժամանակահատվածում թշնամու կողմից գյուղը ենթարկվել է ինտեսիվ հրետակոծության: Նրա տեղեկացմամբ, բարեբախտաբար բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, գյուղը հիմնականում անվնաս է մնացել:

Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը հրետակոծության է ենթարկել նաև Մատաղիս բնակավայրը: Գյուղի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանի խոսքով, մեկ տուն մասնակի վնասվել է:




Լրահոս