Ինչ վիճակում են գտնվում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող  ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն է գիտակցության մեջ են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք տղաներին կատարվել է վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում, ինչպես նաև այլ  գործողություններ: Նման խորը վերքերի դեպքում առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների կանխարգելմանը:

Այսօրվա տվյալներով` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր  բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 3 քաղաքացի, որոնց վիճակը բժիշկները  գնահատում են լավ: Նրանցից մեկը` 14-ամյա աղջիկը, պատրաստվում է դուրս գրման:

Բժշկական հաստատությունից երեկ դուրս է գրվել նաև 62-ամյա կինը, ով  պատահարից ժամեր անց էր տեղափոխվել հիվանդանոց:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը  շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը:  Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նա ունի սալջարդեր, արյունազեղումներ, որոնք երկրորդային են, այս պահին առաջնային է հղիության պահպանումը: Պտուղը չի տուժել, սակայն հետագա հետսթրեսային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական հսկողություն: Պարբերաբար կազմակերպվում են նաև նեղ մասնագիտական` ակնաբույժի, նյարդաբանի խորհրդատվություններ: Ներկա դրությամբ կնոջ և  պտղի կյանքին  վտանգ չի սպառնում:

Տուժածների առողջական վիճակի հսկողությունը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում է:




Լրահոս