Եթե մի գողին պետք է փոխեն ուրիշ ավազակով, դա ոչ մի բան մեզ չի տալու. Լևոն Զուրաբյանը` պաշտոնանկությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոնանկ են արվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը եւ ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:

«Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, Սերժ Սարգսյանի կողմից ՊՆ բարձրաստիճան պատասխանատուների պաշտոնանկությունները ինչպե՞ս եք գնահատում:

-Ես կարծում եմ, որ լավ է, որ ինչ-որ գլուխներ թռնում են, եւ դեռ շատ գլուխներ պետք է թռնեն, բայց այդ ամենը շատ քիչ է ամբողջ պետական համակարգի էությունը փոխելու համար: Պետք է վերացնել մենաշնորհները, կաշառակերությունը, պետական լծակների օգտագործումը սեփական հարստացման համար: Պետք է դառնալ արդյունավետ կառավարվող պետական համակարգ: Դա միանգամից չի լինում, բայց այդ ուղղությամբ պետք է լուրջ քայլեր անել, իսկ ամենակարեւոր քայլը այն է, որ ստեղծենք ժողովրդավարություն, այսինքն՝ ժողովրդին իշխանությունը վերադարձվի: Առաջին հերթին պետք է բարձրացվի պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի հավատի հարցը: Առանց այդ հավատի պատերազմներ չեն հաղթում:

-Ձեր կարծիքով՝ այդ փոփոխությունները կհասնե՞ն առաջին դեմքերին` վարչապետ, նախարար…

-Միայն ինչ-որ մարդկանց հասնելը քիչ է: Պետք է նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր միանգամից ապացուցում են, որ նրանք արդյունավետ կառավարիչներ են: Այ, դա դեռ մենք չենք տեսել: Եթե դա լինի, կասենք` լավ է: Բայց եթե մի գողին պետք է փոխեն ուրիշ ավազակով, դա ոչ մի բան մեզ չի տալու:

Արփինե Թովմասյան

 




Լրահոս