ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության եվ ուսուցման զարգացման ազգային խորհրդի / ՄԿՈՒԶԱԽ/ 2016 թվականի առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարար, խորհրդի նախագահ Լևոն Մկրտչյանը:
Օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերել են 2016 թվականին մշակման ենթակա նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ընտրությանը և հաստատմանը, գործող չափորոշիչների վերանայմանը, ինչպես նաև 2016 թվականին մշակման ենթակա թվով 8 ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ընտրությանն և հաստատմանը:
Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Նա ՄԿՈՒԶԱԽ-ի անդամներին ներկայացրել է գործատուներից ստացված առաջարկությունները՝ չափորոշիչների մշակման վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ 2016 թվականին համաձայն Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի /ՄԿՈՒԶԱԿ/ հետ կնքված պայմանագրի՝ նախատեսվում է մշակել 12 մասնագիտությունների չափորոշիչներ, սակայն խորհրդի քննարկմանը ներկայացվել էր 15 չափորոշիչների առաջարկներ: Հիմք ընդունելով խորհրդի նիստում գործատուների հանրապետական միության կողմից ներկայացված ուսումնասիրության արդյուքները, ինչպես նաև այն իրողությունը, որ որոշ մասնագիտություններ ՄԿՈՒ հաստատություններում այս պահին ուսուցանվում են առանց հաստատված չափորոշիչների՝ ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է առաջնահերթությունը տալ պետության համար ռազմավարական նշանակություն, ինչպես նաև քոլեջներում և ուսումնարաններում այս պահին ուսուցանվող և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին.
“Մենք պետք է չափորոշիչների հաստատումից հետո նաև հասկանանք, թե որքանով են դրանք կրթական գործընթացում և իրական կյանքում քննություն բռնում: Եթե մինչ այժմ ավելի քան 150 ՄԿՈՒ չափորոշիչներ են մշակվել, ապա արդեն եկել է մի փուլ, որպեսզի կատարվի արված աշխատանքի վերլուծություն՝ հիմնված պահանջարկի և պետական առաջնահերթությունների վրա: Սա ընդունենք որպես սկզբունք և հետագա աշխատանքները շարունակենք այս սկզբունքից ելնելով”,- նշել է Լ. Մկրտչյանը
: Որպես մտահոգություն նշվել է նաև, որ մի շարք կարևոր պետական նշանակության մասնագիտությունների համար չափորոշիչներ մշակված չեն, օրինակ ճանապարհաշինական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում /բուլդոզերի օպերատոր, փականագործ/, հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի և մեքենաների նորոգում և սպասարկում՝ մասնագիտություններ, որոնք պահանջարկ ունեն նաև ռազմական ոլորտում:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է նախկինում մշակված և վերանայման ենթակա կրթական 20 չափորոշիչներին: Վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատաշուկայի պահանջների դինամիկ փոփոխությամբ և ՄԿՈՒ հաստատությունները խնդիր ունեն այդ պահանջներին համընթաց լինել:
Վերանայման առաջարկությունները ներկայացվել են այն ուսումնական հաստատություններից: “Գործող չափորոշիչների վերանայման որոշումները պետք է լինեն հիմնավորված, որպես հիմնական խնդիր նախ և առաջ պետք է մշակվի մեթոդաբանություն կամ համապատասխան կարգ, որը թույլ կտա հստակ կողմնորոշվել՝ որ դեպքում պետք է գնալ չափորոշչի վերանայման”,- դիմելով խորհրդի անդամներին նշել է ԿԳ նախարարը և առաջարկել խորհրդին ՝ ՄԿՈՒԶԱԿ-ին և նախարարության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարական տալ: Խորհուրդը հաստատել է ներկայացված հարցը:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է 2016 թվականին մշակման ենթակա ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ընտրությանը: Ներկայացված ուսումնական-մեթոդական ձեռնարկների 31 առաջարկություններից խորհուրդը պետք է ընտրեր 8 առաջարկություն, որոնք այս տարվա ընթացքում պետք է հրատարակվեն: ԿԳ նախարարի առաջարկությամբ հարցը հանվել է օրակարգից այն հիմնավորմամբ, որ այն բավարար չափով պատրաստ չէ քննարկման . “Եթե մենք չունենք ընտրություն կատարելու առաջնահերթություններ և մեթոդաբանություն, ինչպե՞ս ենք ընտրություն կատարելու. կամ պետք է մասնագիտական հանձնախումբ ձևավորվի, կամ էլ պետք է համապատասխան առաջնահերթություն, կարգ և մեթոդաբանություն ունենաք:
Եթե ո՛չ մեկն ունենք, ո՛չ էլ մյուսը, չենք կարող արդյունավետ ընտրություն կատարել: Ցանկացած ընտրություն կատարելիս հստակ նպատակներով ու սկզբուքներով պետք է առաջնորդվենք, որովհետև եթե մեկն ընտրում ենք, մյուսը մերժում՝ պետք է հստակ հիմնավորում ունենանք”,- նշել է Լ. Մկրտչյանը:
Մասնագիտական կրթության եվ ուսուցման զարգացման ազգային խորհուրդը որոշում է կայացրել հարցի քննարկումը հետաձգել:
Նիստում ներկայացվել է մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացման վերաբերյալ (Համաշխարհային հմտություններ) ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տ. Գասպարյանի զեկույցը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր: