Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց օֆշորային սկանդալների, մասնավորապես` Պանամայի օֆշորային գործարքների մասին:
Հիշեցնենք, որ այս սկանդալում շոշափվում է ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը, ով իր հրաժարականի դիմումը կապել էր այս հանգամանքի հետ:
Լևոն Զուրաբյանը հարց հնչեցրեց` արդյոք Կառավարությունն ուսումնասիրե՞լ է այդ հարցը:
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` ասելով, որ գործը քննվում է, նախապատրաստվում են նյութեր՝ կոնկրետ Միհրան Պողոսյանի հետ կապված:
«ՀՀ կառավարությունն իր իրավասության շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է: Պարզապես, կարևոր է հասցեականությունը` թե որ պետական մարմնից ինչ պետք է ակնկալել: Կառավարությունը մի քանի կարևոր քայլեր է իրականացրել և հետևողական կլինի՝ իր իրավասությունների շրջանակներում»,- ասաց նախարարը: