Թեեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցելության ժամանակացույցը պաշտոնապես դեռ չի հրապարակվել, սակայն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանը մանրամասներ է հաղորդել սրբազան քահանայապետի այցից:
Տրամադրած տեղեկությունների համաձայն` նախատեսվում է, որ Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին սուրբ և անմահ պատարագ կմատուցի Գյումրու «Վարդանանց» հրապարակում:
Դեռևս ոչ վերջնական տվյալներով, Սրբազան Քահանայապետը Երևանից Գյումրիի կհասնի առավոտյան ժամը 11:00-ից առաջ, իր պապական մեքենայով՝ պապամոբիլով, Սրբոց Նահատակաց Եկեղեցու մոտից կուղևորվի դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ իր մեքենայով շրջելով կողջունի և կօրհնի հավաքված հազարավոր բազմությանը: Մուտքը հրապարակ, հավանաբար, կլինի հրավիրատոմսերով: Վարդանանց հրապարակում՝ ուղիղ ժամը 11:00-ին, հատուկ պատրաստված բեմի վրա, Սրբազան Պապը կմատուցի Սուրբ և Անմահ Պատարագ՝ համապատարագությամբ հայ կաթողիկե հոգևորականների: Պատարագը կմատուցվի լատինական ծեսով, բայց՝ հայկական շարականներով, որոնք կկատարեն Հայ Կաթողիկե եկեղեցու երգչախմբերը:
Նորին Սրբությունը կայցելի նաեւ Սբ Յոթվերք հայ առաքելական եկեղեցի, կաղոթի Տիրամոր պատկերի առաջ: Նորին Սրբության Գյումրի այցելության վերջին հանգրվանը կլինի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցին, որտեղ ժողովրդապետի և հայ կաթողիկե կղերի հետ միասին աղոթք կբարձրացնի առ Աստված, ապա հրաժեշտ կտա Գյումրիին: Պապի Հայաստան կատարելիք այցի առիթով այդ օրերին Հայաստան ուխտագնացության կգա նաև Լիբանանի հայ կաթողիկե հավատացյալների մի խումբ՝ նախաձեռնությամբ Հայ Կաթողիկե Պատրիարքարանի: Ուխտագնացների թիվն առայժմ ճշտվում է:
«Այժմ հայ կաթողիկե համայնքները ակտիվորեն պատրաստվում են Սրբազան Քահանայապետի պատմական այցին և, հոգևորականների առաջնորդությամբ, ինքնակազմակերպվում են՝ առավելագույնս մեծ թվով և պատշաճ ձևով մասնակցելու հունիսի 25-ի Սբ Պատարագին և լսելու Նորին Սրբության հայրական խոսքը:
Պապի այցելության ժամանակացույցը պաշտոնապես դեռ չի հրապարակվել, բայց հստակ է, որ հունիսի 25-ին Նորին Սրբությունը կայցելի Գյումրի: Սա կլինի պատմության մեծ իրադարձություն. Կաթողիկե (Տիեզերական) Եկեղեցու առաջնորդը՝ Սբ Պետրոս առաքյալի հաջորդը, առաջին անգամ կայցելի Հայաստանի երկրորդ քաղաքը»,– նշում է կաթողիկե առաջնորդարանի մամլո դիվանը:
Քահանայապետի՝ Գյումրի այցելելու վճռական ցանկության գլխավոր պատճառն. իհարկե, հայ կաթողիկե համայնքի մեծաթիվ ներկայությունն է Հայաստանի հյուսիսային շրջաններում, որոնց կենտրոնը Գյումրին է: Այստեղ է գտնվում նաև նորակառույց Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին, որ մայր տաճարն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց: Այս տաճարի օծման հանդիսավոր արարողությանը, որը նախագահեց Կարդինալ Լեոնարդո Սանդրին, ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պապի այցը Գյումրիի հայրական սիրո արտահայտություն է ոչ միայն իր կաթողիկե հոտի, այլև՝ բոլոր գյումրեցիների հանդեպ»,- նշված է մամլո ծառայկության ու պաշտոնական կայքի պատասխանատու Տ. Հովսեփ քհն. Գալստյանի տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը: