Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանում տարեցտարի ընտրական տեխնոլոգիաները կատարելագործվում են: Դեռեւս 2011 թվականին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տվեց այդ բանաձեւը. «Մենք պետք է այնպես անենք, որ ընտրական տեղամասում խախտումները բացառենք»: Եւ հիմա գործող իշխանությունը հենց այդ ճանապարհով էլ գնում է:
Մեղմ ապօրինություն
Հրազդանում, Թալինում անցած կիրակի տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները ցույց տվեցին, որ, իսկապես, ընտրական տեղամասերում գործընթացը հիմնականում օրինական է: Միայն իշխանական թեկնածուների վստահված անձինք են դուրս ու ներս անում, իրենց մոտ եղած այլընտրանքային ցուցակներում «պլյուս-մինուս» անում, եւ ինչ-որ մարդիկ ընտրողներին արդեն անհատապես, ոչ միկրոավտոբուսներով, ուղեկցում են ընտրատեղամաս եւ վերջ: Մեծ հաշվով քրեածին ոչինչ տեղի չի ունենում. ընդդիմության կողմնակիցները ինչպե՞ս կարող են գնալ, ընտրողից հետաքրքրվել, թե ինչու է այս կամ այն մարդու ուղեկցությամբ տեղամաս մտնում: Բայց բոլորի համար առավել քան ակնհայտ է, որ ընտրողները տեղամաս են գալիս նախապես գումարը վերցնելուց կամ այդ մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Այսինքն՝ ընտրակաշառքի մեքենան անխափան գործում է:
Ինչպե՞ս պայքարել
Կան հանցատեսակներ, որոնք իրավաբանորեն դժվար է ապացուցել: Օրինակ՝ կաշառք տալը կամ վերցնելը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 311, 312 հոդվածներով, լատենտային հանցագործություններ են: Կաշառքի մասին սովորաբար իմանում են 2 հոգի՝ վերցնողը եւ տվողը: Եթե չի լինում նախնական ինֆորմացիա կաշառատվության մասին, այսինքն՝ կազմակերպված չի լինում գործընթացը, այն երբեք չի կարող բացահայտվել: Կաշառքը՝ որպես հանցատեսակ, կարող է բացահայտվել միայն այն դեպքում, երբ կաշառքի դիմաց տրված խոստումը չի կատարվել, եւ հավանական է, որ այդ դեպքում կողմերից մեկը՝ շատ դեպքերում կաշառք տվողը, դժգոհի, թե ում ինչ է տվել՝ ինչի դիմաց:
Ու հենց սա է պատճառը, որ Հայաստանում մեծից փոքր գիտեն, որ այս կամ այն պաշտոնյան որոշակի գործարքներ կամ նշանակումներ անելու դիմաց գումար է վերցնում, սակայն այդպես էլ հնարավոր չի լինում պատասխանատվության ենթարկել:
Ընտրակաշառքի նորմ չունենք
Կաշառքի ֆանտաստիկ վատ տեսակ է ընտրակաշառք ասվածը: Ինչպես հայտնի է՝ կաշառք տվողի եւ վերցնողի համար պատիժ կա նախատեսված: Բայց առավել խիստ պատիժը նախատեսված է կաշառք վերցնողի համար, որը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացին է: Եւ երբ իշխանական գործիչները ինքնապաշտպանվում են՝ ասելով, թե բերեք մեկ փաստ, որ ընտրակաշառք է բաժանվել, թերեւս լավ գիտակցում են, որ որեւէ փաստ չի կարող իրավական վատ հետեւանք ունենալ, քանի որ պատժի դեպքում պետք է պատժվեն ե՛ւ ՀՀԿ-ական թեկնածուների շտաբի անդամները, ե՛ւ մի փոքր ավելի խիստ՝ քաղաքացիները: Այսպիսի զարգացում դժվար թե մեր երկրում տեղի ունենա:
Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքում «ընտրակաշառք» տերմին ներառված չէ, չունենք հատուկ հոդված, որի միջոցով հնարավոր լինի բացահայտել ընտրակաշառքը: Ոչ իրավական տերմինալոգիա է այն, որը սահմանում է. ընտրակաշառքն այն է, որ ընտրությունների ժամանակ ընտրողին գումար է տրվում նրա ձայնի դիմաց: Եւ եթե նույնիսկ որոշենք ձայնի դիմաց գումար տվողին պատասխանատվության ենթարկել, ապա այսօրվա պայմաններում պետք է ՀՀ քաղաքացուն՝ ընտրողին, եւ ՀՀԿ շտաբի ներկայացուցչին ու թեկնածուին ՀՀ քրեական օրենսգրքի 311, 312 հոդվածներով մեղադրանք առաջադրել: Վերցնողին չենք կարող, տվողի համար էլ իրավական հիմք չկա: Ահա, այսպես առաջանում է գործող իշխանության համար նպաստավոր իրավիճակ՝ իր գործած հանցանքները պարտակելու համար:
Ու քանի դեռ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ ՀՀ քրեական օրենսգրքում ընտրակաշառքը՝ որպես առանձին հանցատեսակ, չի ներառվել, նշանակում է, որ պետությունը հովանավորում է ընտրակաշառք բաժանողներին:
Կոնկրետ ահազանգով
Եւ որպեսզի ամեն ինչ առավել առարկայական լինի, բերենք մեկ կոնկրետ օրինակ: Հրազդանում կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին նախորդած մի քանի օրերին՝ ընդհուպ մինչեւ ընտրության օրը, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը համատարած ընտրակաշառք բաժանեց, որի մասին հայտարարեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողները տարբեր ահազանգերի հետքերով մեկնում էին դեպքի վայր, արձանագրում վերցնողին կամ տվողի կմկմոցները, եւ դրանով պատմությունն ավարտվում էր՝ չունենալով իրավական հետեւանք:
Ապրիլի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, լրագրողները ահազանգ ստացան այն մասին, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը մոտ 200 հազար ԱՄՆ դոլար է ներդրել ՀՀԿ շտաբում, որպեսզի այն որպես ընտրակաշառք բաժանվի հրազդանցիներին 10-50 հազարական դրամներով: Եւ այդ գործընթացի ավարտական փուլը մարզպետարանի շենքի հետեւում է ծավալվում:
Անմիջապես մեկնեցինք ահազանգի հետքերով եւ թիվ 7 շենքի մոտ իսկապես մի, այսպես ասած, որջ հայտնաբերեցինք: Սամվել Սանամյանի թիկնապահները խմբվել էին բնակելի շենքի առաջին հարկում գտնվող մի տարածքում, որտեղ մարդիկ էին անձնագրերով մտնում, դուրս գալիս: Իսկ դիմացը կանգնած էին Սանամյանին ուղեկցող թանկարժեք «ջիփերը»:
Փորձեցինք մենք էլ մտնել, անմիջապես հայտնվեց արեւածաղիկ կեղեւազրկող հաղթանդամ մի տղա՝ ասելով, թե. «Ընտրության հետ կապ չունի, իմ տարածքն ա հավաքվել ենք», խնդրեցինք ներս թողնել, արգելեց: Այդ ընթացքում արդեն դուռը ներսի կողմից կողպվեց, իսկ 2-րդ հարկի բնակարանից սկսեցին լուսանկարել լրագրողներին:
Քիչ անց երկաթե դռնից մեկ այլ երիտասարդ դուրս եկավ, դարձյալ ներկայացավ որպես այդ տարածքի միանձնյա սեփականատեր, հրազդանցի (թեեւ նրան տեսել էինք Սանամյանի կողքին) եւ հավաստիացրեց, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Լրագրողներն, իհարկե, համառեցին, նույնիսկ ՀՀ ոստիկանությանը հրավիրեցին, որպեսզի ընթացք տա խնդրին: Սակայն նրանք ընդամենը բանակցություններ վարեցին, որից հետո հրահանգեցին «ջիփերը» հեռացնել, ապա տարածքը մաքրվեց խոշորամարմին տղաներից, դուռն էլ կողպվեց արդեն դրսի կողմից:
Բայց այդպես էլ չբացահայտված մնաց. ինչքա՞ն ընտրակաշառք էր բաժանվում, եւ արդյո՞ք այդ ահազանգը ճիշտ էր: Թեեւ դատելով Սանամյանի թիկնապահների ջղաձիգ պահվածքից՝ կարելի է ենթադրել, որ ճշմարտության նման էին լուրերը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀԱՅՀՈՅԵԼ ԵՎ ԾԵԾԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԻՆ
Ալբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պահակապարեկային ծառայության դասակի 1-ին ջոկի ոստիկաններ Գեւորգ Բայրամյանի, Դավիթ Խաչատրյանի, Սարգիս Հարությունյանի կողմից Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում ծառայություն իրականացնելու ժամանակ, Երեւանյան 13 հասցեում գտնվող մթերային խանութի մոտ, ժամը 22.30-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում մոտեցել է նշված ոստիկաններին եւ Գ. Բայրամյանի նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, այն է՝ նրան ծաղրական հարցեր է տվել կապված ծառայության ընդունման ժամանակահատվածի հետ, այնուհետեւ Դ. Խաչատրյանի, Ս. Հարությունյանի եւ Գ. Բայրամյանի կողմից իրեն կարգի հրավիրելու օրինական պահանջին ի պատասխան՝ Գ. Բայրամյանի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ նրա առողջության համար ոչ վտանգավոր եղանակով բռնություն գործադրել՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին: Ալբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 316 հոդ. 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Սույն քրգործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու համայնքի ավագանին այս տարվա փետրվարի 2-ին որոշում է ընդունել ՀՀ-ին հողամաս նվիրաբերելու մասին: Բանն այն է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսված է Լոռու մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենք կառուցել: Սակայն շենքի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը պատկանում է Լոռու մարզի Մեծ Պարնու համայնքին: Եւ այս ծրագիրը իրականացնելու համար էլ համայնքի ավագանին որոշում է ընդունել տարածքը նվիրաբերել ԳՆ-ին:
ՆՈՐ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎՏԱՆԳ
Բելգիայում հայտարարել են, որ «Իսլամական պետություն»-ը մեծ թվով ահաբեկիչներ է ուղարկում Եվրոպա: Reuters-ի փոխանցմամբ` «Կան նախանշաններ, որ «Իսլամական պետություն»-ն իր զինյալներին ուղարկում է Եվրոպա, եւ այժմ սպառնալիքի հաստատված երրորդ մակարդակը չի նվազեցվելու»: Երրորդ մակարդակը նշանակում է, որ իշխանությունները հավանական են համարում ահաբեկիչների նոր հարձակումները: Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում ահաբեկչությունների արդյունքում 32 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան:
ՓԱԿՎՈՒՄ ԵՆ, ՈՉ ԹԵ ԶԱՐԳԱՆՈՒՄ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության այսօրվա նիստում կներկայացնի Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Ըստ ՏԿՆ-ի՝ այս ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությանը, մարզի համայնքների շարունակական եւ համաչափ զարգացմանն ու ազգաբնակչության կենսապայմանների բարելավմանը: Ի դեպ, մարզի զարգացման ծրագրի ֆինանսավորման հիմնական մասն իրականացվում է պետական միջոցներով, ինչպես նաեւ այլ աղբյուներով` մասնավոր հատվածի ներդրումներով, բարեգործական ծրագրերով, նվիրատվություններով, հասարակական կազմակերպությունների միջոցներով: Իսկ ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները: Սակայն, չգիտես ինչու, մարզերում աղքատությունը այդպես էլ չի կրճատվում, իսկ ՓՄՁ-ները ոչ թե զարգանում են, այլ փակվում են: